Կարծիք

15.06.2016 14:43


Իշխանություններն ապացուցում են Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտությունը

Իշխանություններն ապացուցում են Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտությունը

Գրեթե ամեն օր իշխանություններն ապացուցում են Հայաստանում իշխանափոխության անհրաժեշտությունը։ Հարկային օրենսգիրքն էլ ևս մեկ պատճառ է օր առաջ Հայաստանի գործող իշխանությունից ազատվելու համար։ Պահի ազդեցության տակ ընդունած այս հերթական որոշումը ևս մեկ հուժկու հարված է Հայաստանի տնտեսությանը։
Իշխանությունների կողմից տարիներ շարունակ տարվող պայքարը փոքր ու միջին բիզնեսի դեմ լուրջ վտանգ է ներկայացնում մեր երկրի ազգային անվտանգությանը։ Չեմ ցանկանա խոսել այն ակնհայտ թերությունների մասին, որոնք առկա են նոր օրենսգրքում։ Սակայն հուսադրողն այս իրավիճակում այն է, որ հասարակության մեջ և քաղաքական դաշտում կան դեռևս մարդիկ, որոնք գիտակցում են այդ վտանգները։ Այսօր այդ մարդկանցից շատերը միավորվել են «Համախմբում» կուսակցությունում և խնդիր դրել հասնել Հայաստանում արմատական փոփոխությունների, որոնց առաջին նախապայմանն իշխանափոխությունն է։

Կարևորն այն է, որ այդ մարդիկ իշխանափոխությունը դիտարկում են հենց որպես փոփոխություններ իրականացնելու նախապայման, միջոց, այլ ոչ թե նպատակ։ Իսկապես, Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական ուժ իշխանության ղեկին, որն ունի առկա խնդիրները լուծելու և երկիրը զարգացման ուղու վրա դնելու հստակ և իրական տեսլական, ծրագիր։ Դա այսօրվա իշխանությունների թերևս գլխավոր թերությունն է։ Նրանք գործում են պահի ազդեցության տակ՝ բացարձակ չմտահոգվելով իրենց քայլերի ակնհայտ բացասական հետևանքներով։
Պարզապես զավեշտալի են այն կարծիքները, թե իշխանությունների կողմից նախաձեռնած այս բացահայտ դիվերսիան արտաքին ուժերի՝ Համաշխարհային բանկի կամ այլ ուժային բևեռի պատվեր է։ Պատվիրատուն մեկն է. նրա անունը հայտնի է, նստավայրն էլ՝ Բաղրամյան 26-ում։ Սերժ Սարգսյանին պարզապես լրացուցիչ գումար է պետք ընտրություններից առաջ՝ թոշակներ տալու և պետության այլ ծախսերը հոգալու համար։ Եվ քանի որ այդ մարդկանց մոտ իսպառ բացակայում է տնտեսական քաղաքականության մասին որևէ պատկերացում, նրանք ուղղակի չեն կարող գտնել լրացուցիչ ֆինանսական միջոցների աղբյուր, բացի հարկերի ավելացման միջոցով սեփական ժողովրդից վերջին կոպեկը խլելուց։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը