Մեկնաբանություն

15.06.2016 09:00


Դիվերսանտներին փնտրելիս

Դիվերսանտներին փնտրելիս

Հարկային նոր օրենսգրքի հետ կապված՝ խորհրդարանում բոցաշունչ ելույթների պակաս չի զգացվում: Քննադատում են բոլորը, այդ թվում՝ ՀՀԿ-ական գործարար թևի ներկայացուցիչները: Ընդ որում՝ վերջիններս ամենաանկեղծ քննադատողների թվին են պատկանում: Մնացածների խոսքն անհասցե է և անանուն: Առավելագույնը ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանն է դառնում թիրախ: Բայց չէ՞ որ Միրումյանը տվյալ դեպքում հայկական բիզնեսի դահիճի գործառույթ է կատարում: Նրան «վերևից» ասել են՝ հարկային տեռորի «օրինականացման» փաստաթուղթը պաշտպանի, ինքն էլ պաշտպանում է:

Այն հարցում, որ Հարկային նոր օրենսգիրքը դիվերսիա է մեր տնտեսության դեմ, երկրորդ կարծիք լինել չի կարող: Բայց երբ խոսվում է դիվերսիայի մասին, պետք է տրվի նաև դիվերսանտի՛ անունը: Այլապես ստացվում է, որ երկնքից որպես պատիժ է ընկել նոր օրենսգիրքը, այլ ոչ թե ԱԺ ուղարկվել Բաղրամյան 26-ից:

Ո՞ւմ հայտնի չէ, որ տնտեսական քաղաքականությունը Սերժ Սարգսյանի կաբինետում է որոշվում: Որոշումներն էլ հօգուտ մեկ ընտանիքի է կայացվում՝ «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ծրագրի շրջանակներում: Հարկային նոր օրենսգիրքն էլ փող հավաքելու «չոր» նպատակ է հետապնդում՝ փոխհատուցելու համար ձախողված տնտեսական քաղաքականության հետևանքները:

Եվ ուրեմն, բոցաշունչ ելույթները գրոշի արժեք չունեն, եթե չեն նշվում պատասխանատուների անունները, և իրերն իրենց անվանումներով չեն ներկայացվում:

Ինչ վերաբերում է նոր օրենսգրքով նախատեսված «բարեշրջումներին», ապա դրանց արդյունքում հարկային բեռն ավելանալու է, միջին բիզնեսը տուժելու է, լայն սպառման մի շարք ապրանքներ թանկանալու են, տնտեսությունը թուլանալու է: Ինչպես ասում են՝ «Առա՛ջ դեպի ապահով Հայաստան»:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը