Կարծիք

14.06.2016 13:13


Իշխանությունների փորձերը՝ թոզ փչել հանրության աչքերին, վիրավորական են

Իշխանությունների փորձերը՝ թոզ փչել հանրության աչքերին, վիրավորական են

Իշխանությունների փորձերը՝ թոզ փչել հանրության աչքերին ուղղակի վիրավորական են։ Ընդհանրապես, երբ մարդ փորձում է դիմացինին խաբել, նա կարծես ասում է, թե ինքն այդ դիմացինից խելացի է, կամ էլ որ այդ դիմացինը հիմար է։

Այժմ էլ՝ ապրիլյան դեպքերից հետո, իշխանությունները «քավության նոխազ» հանեցին մի քանի միջին տրամաչափի ՊՆ պաշտոնյաների՝ կարծելով, թե դրանով կարող են ամբողջ հասարակությանը մոլորեցնել, մեղմել ժողովրդի զայրույթը՝ պաշտպանության ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման՝ իշխանության անկարողության պատճառով։ Ինչպես ասում էր դասականը՝ «Սա փոքր երկիր ա, սթափվե՛ք»։

Բոլորս էլ հրաշալի տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր շուրջը, մեր երկրում՝ ընդհանրապես, և բանակում՝ մասնավորապես։ Հրաշալի գիտենք նաև, թե ով է այս խայտառակ վիճակի միակ պատասխանատուն ու մեղավորը։

8 տարի է, ինչ Սերժ Սարգսյանը երկրի ղեկավար է, ո՞ր ոլորտում ենք արձանագրել որևէ էական առաջընթաց։ Կա՞ մի այդպիսի ոլորտ, մի այդպիսի պետական հաստատություն, որը կոռումպացված չլինի։ Ձուկը, գլխից փտելով, վաղուց արդեն փտել է ամբողջությամբ։ Մանր պաշտոնյաներին աշխատանքից ազատելով, նրանց ձերբակալելով որևէ բան փոխել հնարավոր չէ, և իշխանություններն էլ չեն փորձում որևէ բան փոխել։ Պարզապես թոզ են փչում մեր աչքերին, կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա ստեղծում։ Սակայն դա ոչ միայն անօգուտ է, այլև հակառակ ազդեցությունն է ունենալու. ժողովրդի զայրույթը նման քայլերով մեղմել հնարավոր չէ։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը