Աշխարհ

14.06.2016 10:55


Ֆրանսիայի հատուկջոկատայիններն արգելափակել են դեպի Լիլլ շարժվող ֆուտբոլային ռուս երկրպագուներին

Ֆրանսիայի հատուկջոկատայիններն արգելափակել են դեպի Լիլլ շարժվող ֆուտբոլային ռուս երկրպագուներին

Ֆրանսիայի հատուկջոկատայիններն արգելափակել են դեպի Լիլլ շարժվող ավտոբուսը, որում գտնվում էին ֆուտբոլային երկրպագուները Ռուսաստանից։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին», հայտնել է Երկրպագուների համառուսական միության նախագահ Ալեքսանդր Շպրիգինը։

Ըստ նրա՝ այն բանից հետո, երբ երկրպագուների խմբով ավտոբուսը դուրս է եկել Կաննից, այն շրջապատել են մոտ 100 հատուկջոկատային և հրահանգել իրերով դուրս գալ ավտոբուսից։ Շպրիգինը պատմել է, որ սկզբում հայտարարել են զենքի և թմրանյութերի առկայության հարցով ստուգման մասին, սակայն այժմ պնդում են, որ դա հատուկ խուզարկություն է՝ Ֆրանսիայի գլխավոր դատախազի հրահանգով։

Երկրպագուների համառուսական միության նախագահը հայտնել է, որ մարդիկ հրաժարվել են դուրս գալ ավտոբուսից և պահանջել, որպեսզի իրենց թարգմանիչ տրամադրեն։

«Սա անօրինականություն է։ Ինչո՞ւ նրանք Մարսելում այդպես չէին աշխատում, ինչպես հիմա են աշխատում», - իր վրդովմունքն է հայտնել Շպրիգինը։

Նշենք, որ հունիսի 15-ին ֆրանսիական Լիլլում նախատեսվում է Եվրո-2016-ի շրջանակներում Ռուսաստան-Սլովակիա հանդիպումը։

Հիշեցնենք նաև, որ այն բանից հետո, երբ Մարսելում կայացած Ռուսաստան-Անգլիա հանդիպման ժամանակ երկրպագուների միջև բախումներն են տեղի ունեցել, ՈՒԵՖԱ-ն զգուշացրել է, որ Ռուսաստանի և Անգլիայի ազգային հավաքականներին կարող են արգելել մասնակցել առաջնությանը, եթե նրանց թիմերի երկրպագուները նորից խախտեն կարգն ու կանոնը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը