Մեկնաբանություն

14.06.2016 10:08


«ՁիմակրաԾիա պո կառաբախսկի»

«ՁիմակրաԾիա պո կառաբախսկի»

Ղարաբաղում շատ լուրջ աշխատանքներ են տարվում: ԼՂՀ ոստիկանությունը հաղորդագրությունը հաղորդագրության հետևից է տարածում, թե բա՝ ջանք ու եռանդ չենք խնայում պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգողներին ու ծեծողներին հայտնաբերելու համար: Առայժմ երկուսն է սեփական կամքով ներկայացել, մեկ էլ ավտոմեքենան է հայտնաբերվել, որով առևանգել էին պատգամավորին: Մյուսների մասով նորություն չկա:

Պատկերացնո՞ւմ եք՝ Ստեփանակերտի կենտրոնում օրը ցերեկով, բազմաթիվ տեսախցիկների առկայությամբ ու ոստիկանների ներկայությամբ, ծեծում և առևանգում են պատգամավորին, դրանից հետո ԼՂՀ նախագահի մամլո խոսնակն արդարացնում է դա, և միայն դեպքից օրեր անց է երկու հոգի մեղայականով ներկայանում, իսկ մնացածին գտնել դեռ չի հաջողվում: Ա՛յ, ա՛յ, ա՛յ...

Ինչքան էլ հիմա փորձեն «կռուտիտներ անել», այլ տարբերակ չկա. բոլոր հանցագործները պետք է պատժվեն, որպեսզի Բակո Սահակյանը ստիպված չլինի ձևականորեն խոսել ժողովրդավարությունից և սրտաճմլիկ ձևակերպումներ տալ ծեծի թեմայով:

Հայկ Խանումյանի հետ կապված պատմությունը շատ զգայուն է: Սեղանի վրա են դրված ԼՂՀ իմիջը և պետականությունը: Այնպես որ, ոստիկանությունը բոցաշունչ հաղորդագրություններ տարածելու փոխարեն պետք է շատ արագ հայտնաբերի հանցագործներին, հատկապես որ դրանք վաղուց հայտնաբերված են:

Պետք է առգրավել ու հանրությանը ներկայացնել նաև այն տեսանյութը, որը Խանումյանին ճնշելով էին ստացել. դրանով շատ բան կբացահայտվի:

Մի խոսքով, պետք է դադարեցնել ««ՁիմակրաԾիա պո կառաբախսկի» խաղալ:

Պետրոս Ալեքսանյան

Հ.Գ.: Իշխանական հաճախորդները, «անկախ» լրագրողները և սրանց ջրերն ընկած «ազնիվ քյարփինջները» փորձում են «նուրբ» ձևով արդարացնել Հայկ Խանումյանի հանդեպ կիրառված բռնությունը՝ երկրորդելով ԼՂՀ նախագահի տխրահռչակ մամլո խոսնակ Դավիթ Բաբայանին:

Սրանք ստեր են տարածում այն մասին, թե, իբր, ԼՂՀ ՊԲ հրամանատար եղած ժամանակ Սամվել Բաբայանը նույնպես դաժան է վարվել լրագրողների հետ և բռնություն կիրառել: Նմանատիպ էժանագին մեթոդներով փորձ է արվում նենգափոխել իրականությունը, ընդ որում՝ առանց կոնկրետ փաստեր ներկայացնելու:

Իշխանական քարոզչամեքենան, փաստորեն, մեյդան է հանել «դհոլներին» ու արդեն հայաստանյան տիրույթի դավիթբաբայաններին է օգտագործում հանցագործությունն արդարացնելու համար՝ «Խանումյանը ճաշակում է Բաբայանի իշխանության տարիների դառը պտուղները» թեմայով: Նկատենք, որ այս կոդով աշխատող «դիշովկեքը» շատ ավելի վտանգավոր են, քան Դավիթ Բաբայանի տիպի մարդիկ:

Հ.Գ.-2: Օրերս լուր տարածվեց այն մասին, որ Սերժ Սարգսյանի գործընկեր, «Ֆլեշի» ղեկավար Բարսեղ Բեգլարյանի տանը գողություն է տեղի ունեցել: Ըստ մամուլի հրապարակումների՝ հանցագործներն արդեն հայտնաբերվել են ու ձերբակալվել:

Լավ է, իհարկե, որ հանցագործները ձերբակալված են, բայց այստեղ մի այլ հարց կա: Զգո՞ւմ եք, թե ինչ օպերատիվ են գործում իշխանությունները, երբ դա վերաբերում է իրենց ու մերձավորներին:

Գիշերով գողություն անողներին հայտնաբերել են, իսկ ահա ցերեկով պատգամավոր ծեծող ոհմակից միայն երկուսին են գտել, այն էլ՝ վերջիններիս ինքնակամ ներկայանալուց հետո:

Հ.Գ.-3: ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը հայտարարել է, թե ինքը չի ուզում կրկին նախագահ դառնալ, քանզի նույն գետը երկրորդ անգամ չի ուզում մտնել:

Սա այն դեպքն է, երբ աղվեսի քիթը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է:

Ա. Ղուկասյանին Ս. Սարգսյանն ուզում էր Ղարաբաղում նախագահ դարձնել, բայց, հասկանալի պատճառներով, այս պլանը «փոզմիշ եղավ»: Այդ իսկ պատճառով էլ Ղուկասյանին այլ բան չի մնում, քան «փիլիսոփայելը»:

Այս խորագրի վերջին նյութերը