Մեկնաբանություն

14.06.2016 00:05


«Նոր ձերբակալություններ և նոր պաշտոնանկություններ» շոուի հետքերով

«Նոր ձերբակալություններ և նոր պաշտոնանկություններ» շոուի հետքերով

Իշխանության նկատմամբ ժողովրդի արգահատելի վերաբերմունքը, ապրիլյան չորսօրյա պատերազմի հետեւանքները «լղոզելու», երկրում տիրող խայտառակ իրավիճակի հանդեպ հանրության զայրույթն ու վրդովմունքը փոքր-ինչ մեղմելու նպատակով Բաղրամյան 26-ը հերթական անգամ «նախաձեռնողականություն» է դրսեւորում:

Ավելի քան երկու շաբաթ է, ինչ ցուցադրվում են «Նոր պաշտոնանկություններ», «Նոր ձերբակալություններ» շոուները:

Պաշտպանության նախարարությունում «պլանի տակ» ընկածների մասին արդեն տեղյակ ենք: «Ուռճացված գներով գնումներ» կատարած պաշտոնյաների ձերբակալությունների մասին՝ նույնպես (վերջին անգամ տենդերներում «հաղթեցնելու» մասին Սերժ Սարգսյանը «խիստ բարկացավ» 2013-ի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում):

Դե, հիմա էլ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ է «խիստ բարկացել»՝ պաշտոնանկ անելով եւ ձերբակալելով միջին տրամաչափի չինովնիկներին: Մարդկանց, որոնց Բ26-ի լրատվամիջոցները ներկայացնում են որպես «բարձրաստիճան պաշտոնյաներ» (այնինչ վարչության, գործակալության կամ բաժնի պետի հաստիքներ էին զբաղեցնում):

Հիմա էլ Առողջապահության նախարարության մի քանի «ձկնիկների» են բռնել՝ առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու կասկածանքով:

«Նոր պաշտոնանկություններ» եւ «Նոր ձերբակալություններ» շոուների շրջանակներում Բ26-ի լրատվամիջոցները, կամերան առած, վազում են փողոց ու մարդկանց են «խոսեցնում»: Նպատակը պարզ է: Մարդիկ «հուսավառվում» են նման ամեն դեպքի առիթով եւ «հույս են հայտնում», որ երկրում շուտով կթեւածի «արդարությունը», եւ կհաստատվի «օրինականությունը»: Շատ ծիծաղելի է այս ամենը:

Կեղծ իրարանցումը պաշտոնանկությունների եւ ձերբակալությունների մասով սովորական քողածածկույթ է, հանրությանը մոլորեցնելու, վերջինիս հայացքը իրական խնդիրներից շեղելու, 8 տարի շարունակ հայտարարված, բայց չկատարված բազում խոստումները մոռացության մատնելու փորձ կամ խորամանկ քայլեր են, ինչին դիմում է իշխանությունը:

Իշխող ուժն ու նրա առաջնորդը կարծում են, թե մարդիկ հիշողություն չունեն, եւ իրենք կարող են «պաշտոնազրկումներ ու բռնոտումներ» թամաշաների միջոցով վերականգնել իրենց չունեցած հեղինակությունը ժողովրդի աչքում: Բնականաբար, այս ամենը հակառակ էֆեկտն է ունենում. հանրությունը, կոպիտ ասած, ապուշ չէ, գիտի եւ քաջ տեղյակ է, որ «պլանի տակ» ընկածներն ու պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերով կասկածվող մանր չինովնիկները գործել են այն խաղի կանոններով, ինչը սահմանվել է Բաղրամյան 26-ում հայտնված ՀՀԿ ղեկավարի կողմից: Մեկի, որին հիմա վռազ «քավության նոխազներ» են պետք՝ կարծելով, թե այդկերպ «հագուրդ կտա» հանրային «ծարավին», եւ հանությունն իրեն բավարարված կզգա: Մինչդեռ ժողովրդի սպասելիքն այլ է: Նրա առաջնային ցանկությունը մեկն է՝ որքան հնարավոր է՝ շուտ պաշտոնազրկված տեսնել երկիրն այս օրին հասցրած թիվ մեկ պատասխանատուին եւ մեղավորին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը