Կարծիք

12.06.2016 16:50


Երբ էշերն իրենց ձիու տեղ են դնում

Երբ էշերն իրենց ձիու տեղ են դնում

Սամվել Բաբայանի՝ հայրենիք գնալը ցանկացած պահի չէր կարող սովորական արցախցիների և, ընդհանրապես, հայերի մոտ ոգևորություն չառաջացնել: Իսկ երբ դա տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններից որոշ ժամանակ անց, որը ոմանք պատերազմ են անվանում, բնական է՝ ոգևորությունը բազմապատկվեց. վերադարձել էր հաղթող հրամանատարը:
Իհարկե, ինչպես դեպքերի հետագա ընթացքը ցույց տվեց, վերին էշելոններում բոլորովին էլ ցանկալի չէր գեներալի այդ քայլը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ քառօրյայի ընթացքում, ինչպես, սովորաբար, փոթորկից, ջրհեղեղից հետո է լինում, ջրի երես դուրս եկան այն ամբողջ տիղմն ու աղբը, որը տարիներ շարունակ թաքցնում էին: Պարզվեց այն, ինչի մասին ոմանք բարձրաձայնում էին տարիներով, սակայն նրանց համարում էին դավաճաններ: Տռզած փորերով ու հաստ վզերով բարձրաստիճան սպաներն անկախության տարիներին անկախորեն թալանել են բանակը՝ դրա հաշվին դղյակներ կառուցելով, համալրելով օլիգարխների շարքերը: Եվ տավարի մսի փոխարեն գոմեշի մսով զինվորներին կերակրելու հանցագործ քայլը կարելի է դրանցից ամենաանմեղը համարել:
Իհարկե, շնորհիվ դարերի, հազարամյակների խորքից ժառանգած հերոսական, մարտական ոգու, հայ զինվորը կարողացավ դիմագրավել թշնամուն, որին, ի դեպ, մեր որոշ «քաղաքակիրթ», ավելի ճիշտ` փափկամորթ քաղաքագետներ ու իշխանավորներ պարզապես հակառակորդ են անվանում: Փառք ու պատիվ զոհված, վիրավոր, հրաշքով ողջ մնացած հայ զինվորին ու սպային, այն ազատամարտիկներին, ովքեր մեկ մարդու պես անդամագրվեցին հայրենի եզերքը պաշտպանելու սուրբ գործին:
Սակայն մոտ երկու ամիս տևած ոգևորությունից հետո հանկարծ գերագույնը երկնքից հանգիստ, ինքնավստահ «ավետեց», որ ընդամենը 800 հա ստրատեգիական կարևոր նշանակություն չունեցող տարածք ենք կորցրել: Ու շատերի համար անսպասելի չէր նման հայտարարությունը, որովհետև ժամանակին նա Աղդամը համարում էր ոչ հայկական: Ու նաև պարզվեց, որ 1993 թվականից պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի նախարարի, ապա վարչապետի ու նախագահի աթոռն զբաղեցրած գերագույնը նոր է տեղեկանում, թե ինչպիսի բարքեր են տիրում բանակում, և դիմում է համապատասխան քայլերի: Եվ դա այն դեպքում, երբ նույնիսկ հեռավոր գյուղի դպրոցի պահակի փռշտոցի մասին են տեղյակ Բաղրամյան 26-ում:
Կարծես թե պաշտպանության նախարարն էլ է նոր տեղեկանում, որ, ինչպես մեզ հետ զրույցում մի առիթով նշեց նախկին ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը, մեր բանակը վերածվել է բանվորագյուղացիական բանակի: Իհարկե, լավ է, որ զոհվածների ընտանիքներին բնակարաններ են հատկացնում, սակայն վատ է, որ դա արվում է, այսպես ասած, «գնա մեռի, արի սիրեմ»-ի տրամաբանությամբ:
Ոմանք բանակի մասին խոսելը, այդ հարցը քննարկելն անգամ համարում են դավաճանություն, սակայն չի կարելի լռել, երբ կորուստները և՛ մարդկային են, և՛ տարածքային: Ինչպես ասում է Բ. Յասենսկին, «միայն նրանց (անտարբերների) լռելյայն համաձայնությամբ է, որ հողագնդի վրա գոյություն ունեն դավաճանությունն ու սպանությունը»: Բայց, իհարկե, բանակի մասին պետք է խոսեն նրանք, ովքեր դրանից բան են հասկանում, ովքեր ունեն դրա իրավունքը: Իսկ որ Սամվել Բաբայանը վաղուց է այդ իրավունքը վաստակել, ոչ ոք չի կարող վիճարկել, սակայն պարզվում է, որ նրան ու նրա վերլուծությունները հատկապես Հայաստանի և Արցախի իշխանավորները սվիններով են ընդունում: Ոմանք նույնիսկ գեներալ-լեյտենանտի հայրենիք գնալը համարում են կայունության (մենք կասեինք` ճահճացման) խախտում, բարձրաձայնում են, որ նա պարզապես պաշտոն է ուզում և այլն, և այլն: Այս ամենը մեզ հիշեցնում է «Շրեկ» մուլտֆիլմը, որտեղ հրաշագործ հյութի շնորհիվ էշը ձի է դառնում: Մեզ մոտ էլ ոմանք խմել են քծնանքի ու ծառայամտության հեղուկն ու դարձել ձի: Բայց, ախր, հեր օրհնածներ, եթե պեգաս, կաքավ ու նույնիսկ առյուծ դառնաք, միևնույն է՝ երևում են էշի ականջները:
Պարզ չէ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, թե արդյոք մի նոր «մարտի 22» չի սարքվի, սակայն արդեն բոլորը հասկացել են, որ մեր կյանքի բոլոր բնագավառներում իշխող կոռուպցիան վաղուց ներթափանցել է նաև բանակ, ինչն ամենից վտանգավորն է: Եվ չի կարելի հույս դնել միայն զինվորի մարտական ոգու վրա: Բայց ծագում է շատ բնական հարց՝ ովքե՞ր պետք է պայքարեն այդ ամենի դեմ: Ու մի՞թե նրանք, ում մեղքով տեղի է ունեցել այս ամենը, կկտրեն ծառի այն ճյուղը, որի վրա իրենք են նստած:

Ռուսլան Թաթոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը