Կարծիք

09.06.2016 19:08


«Ցանկացած ժամանակաշրջանի մեղավորը այդ ժամանակաշրջանի երիտասարդությունն է»

«Ցանկացած ժամանակաշրջանի մեղավորը այդ ժամանակաշրջանի երիտասարդությունն է»

–Քաղաքական անկայուն իրավիճակի, ռազմական ոլորտում եղած ձախողումների, ամեն քայլափոխի հանդիպող մուրացկանների և տարրական պայմաններ չունեցող հասարակության ձախողված կյանքի պատճառը սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն են,–«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման՝ «Համախմբումն այլըտրանք չունի» թեմայով արտահերթ համաժողովի ժամանակ հայտարարել է շարժման անդամ Լևոն Հարությունյանը։

Իսկ որտեղի՞ց են գալիս այս պայմանները, որտե՞ղ են այս պայմանների պատճառները, ո՞վ է մեղավոր այս դաժան իրականության համար: Պայմանները գալիս են այն ցանկությունից, որ մենք ունենք մեր իսկ հանդեպ: Պահանջատեր հասարակությունն է, որ կարող է ինչ-որ կերպ փոխել առևանգվող տնտեսությունը: Այսօր, ապրելով Հայաստանում, չունենք սեփական պաշարներ, արժեքավոր միջոցներ և այլ պարագաներ, որոնց միջոցով ազգը կհասնի տնտեսական աճի: Այն ամենը, ինչ մեր երկրում է գտնվում, արդեն մերը չէ: Ջուր, գազ, էլեկտրաէներգիա, ոսկու հանքեր, օգտակար հանածոներ և այլն,–ասել է նա։

Լևոն Հարությունյանը հավելել է, որ վերջին տարիների մեծացող արտագաղթը, միգրացիայի բարձր ցուցանիշները, աղքատության շեմի բարձրացումը, գործազրկության շեմի ավելացումը փաստում են տնտեսական ծանր պայմանների մասին.

–Ապրիլյան պատերազմը սոցիալ-տնտեսական վատ վիճակում ապրող ժողովրդին միավորեց, համախմբեց և ստիպեց հաղթանակի հասնել: Հաղթանակից հետո բոլորը գիտակցեցին, որ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել: Արտասահմանից հայը կարող էր չվերադառնալ, քանի որ եթե ճիշտ լիներ վերջին տարիների վարած քաղաքականությունը, ապա այդ հայը չէր մեկնի իր հայրենիքից: Գործազուրկ հայը, ով հազիվ էր իր հացը վաստակում, ստիպված չէր լինի հանուն իր ազգի բարօրության իր վաստակած 2 հացից մեկը ուղարկել իր հերոսին՝ զինվորին։ Եթե ճիշտ լիներ վերջին տարիների վարած քաղաքականությունը, չէինք ունենա ՀՆԱ-ի անկում, ծայրահեղ աղքատության հասնող մարդկանց քանակի ավելացում, գործազրկության տոկոսի բարձրացում:

Ըստ Լևոն Հարությունյանի՝ չէին ձևավորվի վերնախավ և ծանր աղքատություն, եթե չլինեին տնտեսական մենաշնորհներ այս 29.7 հազար կմ2-ի տարածքում: Չէր լինի 35% գործազրկության մակարդակ, եթե վարած քաղաքականության արդյունքում պարզեցվեին հարկային դաշտի ծանր պայմանները, թույլ չտրվեին մոնոպոլիաների գերիշխանությունը, ապահովվեր օրենքի գերակայություն հասարակություն բոլոր շերտերի համար.

–Հարկային դաշտում շարունակվող փորձարկումները, չկողմնորոշված որոշումներն այսօր էլ խանգարում են հասարակ քաղաքացուն կերտելու իր գաղափարները, կյանքի կոչելու բիզնես մտահաղացումները և փորձել իր ապագան տեսնել ոչ թե օտար հողում, այլ սեփական հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետությունում:

Բոլոր չորս կողմերից նայելու դեպքում կտեսնենք, որ այս ամենի պատճառը մենք ենք՝ երիտասարդներս: Ցանկացած ժամանակաշրջանի մեղավորը այդ ժամանակաշրջանի երիտասարդությունն է, և մենք էլ կարող ենք մեղավոր դառնալ մեր պասիվ և անտարբեր վերաբերմունքով: Այդ պատճառով միավորում ենք բոլորիս ուժերը, համախմբվում ենք մեկ միասնական համակարգում և օգնում ենք ինքներս մեզ: Օգնում ենք մեր ընտանիքներին, մեր հասարակությանը, մեր ժողովրդին և ձևավորում ենք հզոր և համախմբված Հայաստանի Հանրապետություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը