Քաղաքական

09.06.2016 16:12


Օսկանյան. «Լինել այլընտրանք իրեն սպառած իշխող քաղաքական ուժին» (ֆոտոշարք, տեսանյութ)

Օսկանյան. «Լինել այլընտրանք իրեն սպառած իշխող քաղաքական ուժին» (ֆոտոշարք, տեսանյութ)

«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման արտահերթ համաժողովն այսօր տեղի է ունեցել «Համախմբումն այլընտրանք չունի» կարգախոսի ներքո։ Համաժողովին հրավիրված էին «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ Վարդան Օսկանյանը, Անդրանիկ Թևանյանը, Ռուբեն Կարապետյանը և Մանվել Եղիազարյանը։

Վերջերս տեղի է ունեցել շարժման ղեկավար կազմի ժողովը, որի արդյունքում ընդունվել է հետևյալ որոշումը՝

«Մեր շարժումը միանում է «Համախմբում» կուսակցությանը և ակտիվ դերակատորություն է ցուցաբերելու կուսակցության կայացման ու զարգացման գործում՝ նպաստելով նոր սերնդի ներգրավմանը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, նաև օժանդակելու է քաղաքացիական հասարակության կայացմանը։

Մենք վստահ ենք, որ հաջողություն ենք ունենալու։ Համախմբումն այլընտրանք չունի»։

Համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել նաև «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Օսկանյանը։ Նա նշել է, որ «Համախմբում» կուսակցությունը քաղաքական դաշտ է մտնում Հայաստանի և ժողովրդի համար բավականին ճակատագրական, կարևոր և դժվարին ժամանակներում։

–Մեր առջև օրեցօր առավել ծառանում են ամենալրջագույն մարտահրավերները, և երկրում տիրող իրավիճակը դեպի վատն է գնում, այլ ոչ թե դեպի լավը։ Մենք ունենք նոր Սահմանադրություն, որի համաձայն՝ մեր ամբողջ կառավարման համակարգը խարսխվելու է քաղաքական ուժերի վրա, բայց, մյուս կողմից էլ, քաղաքական դաշտը աղավաղված է, աղճատված։ Մեր ժողովուրդը միանշանակորեն ակնկալում է երկրում արմատական փոփոխություններ, բայց, մյուս կողմից, կա խորագույն հիասթափություն և՛ իշխանության, և՛ ընդդիմության, և՛ այլ տեսակի քաղաքական ուժերի հանդեպ,– ասել է Վարդան Օսկանյանը։

Նա հավելել է, որ ամենամեծ մարտահրավերը ժողովրդի վստահության ձեռքբերումն ու վաստակումն է, քանի որ ժողովուրդը բազմիցս խաբվել է, իշխանությունները նրանց հիասթափեցրել են։

–Մենք խնդիր ենք դրել հասնել իշխանափոխության։ Մեր նպատակը շատ պարզ է և հստակ՝ լինել այլընտրանք այսօր իրեն սպառած իշխող քաղաքական ուժին։ Այսօր դա ժողովրդի պահանջն է։ Երկրի առաջ կանգնած գլխավոր հրամայականը՝ ժողովրդին ներկայացնել այլընտրանք, և ես համոզված եմ, որ մենք դա կարողանալու ենք անել– ընդգծել է Օսկանյանը՝ հավելելով, որ «Համախմբում» կուսակցությունը, որպես շարժում, լինելու է բաց, թափանցիկ և հաշվետու ժողովրդի առաջ։

Իր խոսքի ավարտին Վարդան Օսկանյանն ասել է, որ կուսակցության համագումարում, որը տեղի է ունենալու սույն թվականի հունիսի 17–ին, ներկայացվելու է «Համախմբման» ողջ ծրագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը