Կարծիք

09.06.2016 14:24


Սերժ Սարգսյանն իր հույսը դրել է բռնի ուժի վրա

Սերժ Սարգսյանն իր հույսը դրել է բռնի ուժի վրա

Սերժ Սարգսյանը մնացել է հայհոյանքի հույսին։ Իշխանական մամուլով «Համախմբում» կուսակցության դեմ արշավը սկսել էր դեռևս այն պահից, երբ Օսկանյանը հայտարարեց կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին։ Դա տրամաբանական էր, հասկանալի. այդպես էլ պետք է լիներ։ Դա «քաղաքական խաղի» կանոն է։ Ստեղծվում էր, իսկ այժմ արդեն ստեղծվել է մի ուժ, որը հավակնում է իշխանությունը ՀՀԿ-ից վերցնելուն։ Ինքնապաշտպանությունն էլ բնական է։ Սակայն ՀՀԿ-ի դեպքում այն ոչ թե բնական է, այլ բնազդային։

Դա Սերժ Սարգսյանի հայտնի գործելաոճն է։ Եվ այն ինչ-որ տեղ նաև տրամաբանական է․ իսկապես, ի՞նչ կարող են իշխանությունները հակադրել քննադատությանը։ Գրագետ քաղաքական ուժը, որ իշխանության է գալիս, ականջալուր է քննադատության նկատմամբ և փորձում է նախաձեռնությունն իր ձեռքում պահել, քննադատությունն էլ օգտագործում է որպես հասարակության հետ շփվելու յուրօրինակ խողովակ, որի միջոցով ծանոթանում է հասարակական տրամադրություններին։ Բայց մենք գործ ունենք «իրենց թերությունները բոլորից լավ իմացող» քաղաքական ուժի հետ, որը 8 տարիների ընթացքում ոչ միայն որևէ բան չի անում այդ թերությունները վերացնելու համար, այլև հասարակությանը հասկացնում է, որ չի էլ պատրաստվում դա անել։

Հիմա էլ անցել են բացահայտ անձնական վիրավորանքներին։ Հայհոյում եք, որ ի՞նչ անեք։ Տակ չմնալու համա՞ր։ Քանի կոպեկ արժի Սերժ Սարգսյանի կողմից վիրավորանքը․․․ո՞վ դրանից պետք է վիրավորվի։ Ո՞վ պետք է այդ վիրավորանքն ընդունի ու համաձայնվի դրա հետ։ Իմաստը ո՞րն է։ Հայ ժողովրդի համար մեծագույն վիրավորանքը հենց այն է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի ղեկավարն է։ Դրանից ավելի վիրավորվել հնարավոր չէ։ Սա, եթե կուզեք, տեսակի խնդիր է։ Քաղաքական ուժը՝ իրական քաղաքական ուժը, աշխատում է հասարակության հետ, իսկ Սերժ Սարգսյանն անտեսում է հասարակության մեջ առկա պոտենցիալը և հույսը դրել է իր թիմի և բռնի ուժի վրա։ Նա գործում է որպես զավթիչ՝ Հայաստանը դիտարկելով որպես գրավյալ տարածք, ժողովրդին էլ՝ որպես հարստանալու միջոց։ Այստեղից էլ բոլոր խնդիրները։

Շատ ափսոս, որ Սերժ Սարգսյանը չի գիտակցում, որ բուն քաղաքական բանավեճը բխում է առաջին հերթին իր շահերից։ Հասարակությունը շատ լավ էլ գիտի, թե ինքն ու իր շուրջը հավաքված մարդիկ ովքեր են․․․դա գրելու կարիք էլ չկա։ Եթե չգիտեք, մոտեցեք փողոցում պատահական անցորդին ու հարցրեք։

Նարեկ Սանթուրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը