Կարծիք

08.06.2016 17:33


«Յա պրո Իվանա, տի պրո բալվանա» շարքից

«Յա պրո Իվանա, տի պրո բալվանա» շարքից

Լսեցի Արցախի բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի պատասխանը Սամվել Բաբայանի դիտարկումներին, ու ինձ կրկին հիասթափեցրեց իրենց անպատասխանատու մոտեցումը, երբ քննադատությունն ընդունելու փոխարեն էլի, ինչպես ասում են, իրենց էշն են քշում: Ելույթը կարելի է դասել «Յա պրո Իվանա, տի պրո բալվանա» շարքին, այսինքն՝ Բաբայանն Իվանից է խոսում, ինքը՝ բալվանից: Ռազմագիտական և քաղաքագիտական շրջանակներից տարբեր գնահատականեր եղան, թե ինչ էր տեղի ունեցել ապրիլյան օրերին: Ըստ իս՝ ավելի առարկայական հնչեց Սամվել Բաբայանի ներկայացրածը, որի էությունը հետևյալն էր` հակառակորդը ծրագրել և իրականացրել է դիվերսիոն գործողություն, ունեցել է իր համար անսպասելի հաջողություն, որը և փորձել է զարգացնել՝ կիրառելով արդեն այն ողջ զորքը և զինատեսակները, որը մեկիկ–մեկիկ թվարկում էր Լևոն Մնացականյանը: Իսկ դիվերսիայի մեջ ունեցել է հաջողություն, որովհետև բանակի կարգապահական և մարտավարական վիճակը եղել է բարձիթողի: Այս վարկածի հավաստիության օգտին են խոսում բազմաթիվ փաստեր, որոնցից շատերը պաշտոնական են: Հիմա, փոխանակ եղածից դասեր քաղելու, իսկ որ չեն քաղել, դա հաստատ (իր ելույթը և Հայկ Խանումյանի առևանգումը՝ ձեզ փաստ ապացույց), ընկել են թե «քսան քանի տարի առաջ էս ուղղությամբ անհաջողություն ես ունեցել, քսան քանի տարի առաջ տարվա ընթացքում հակառակորդը էնքան արկ է արձակել, ինչքան էս մի քանի օրերին»՝ իհարկե, մոռանալով նշել, որ ապրիլյան օրերին մենք էլ այնքան արկ ենք արձակել, ինչքան գուցե ամբողջ ղարաբաղյան պատերազմի ընթացքում, բայց, ի վերջո, գրավված բլուրները և դիրքերը թողնելով հակառակորդին, երբ քսան քանի տարի առաջ ամբողջ շրջաններ էին ազատագրվում, շատ ավելի քիչ արկերով: Խնդիրն էն չի, որ պատերազմի ժամանակ դիրք տալը, ինչպես ասում են, «տղու համար չի», և, ի վերջո, Բաբայանը չէր ասում, որ դիրք տալն աշխարհի վերջն է, բայց Հայաստանի վերջը կլինի, եթե մենք բանակին մոտենանք նույնքան անպատասխանատու, ինչքան որ պետական կառավարման մյուս ոլորտներին, ու եթե, ասենք, բնապահպանության անպատասխանատու կառավարումը պատժվում է բնության կողմից և համեմատաբար ավելի ուշ, ապա պաշտապանության ոլորտի թերացումը պատժվում է հակառակորդի կողմից ու շատ արագ: Հարյուրավոր զոհերը, հանձնված դիրքերը, գնդակահարված ծերերն ու տեղահանված Թալիշը՝ մեզ փաստ ապացույց: Մի խոսքով, լրջանալու պահն է, բայց ցանցառ ուղեղի դեպքում դեմքի լուրջ արտահայտությունը դեռ պահը լուրջ չի դարձնում:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը