Կարծիք

07.06.2016 16:45


Հայկ Խանումյանը փակում է բոլոր հնարավոր շահարկումների ճանապարհը

Հայկ Խանումյանը փակում է բոլոր հնարավոր շահարկումների ճանապարհը

Երեկ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը դաժան ծեծի էր ենթարկվել քաղաքական գործունեության համար։ Այդ դեպքն արդեն շատ լայն արձագանք է ստացել թե՛ համացանցում, թե՛ լայն հասարակության շրջանում։ Երեկ Խանումյանին այցելության էր եկել նաև Սամվել Բաբայանը և իր աջակցությունը ցուցաբերել պատգամավորին։ Սակայն իշխանական, նույնիսկ, կարելի է ասել, «գեբելսյան» մամուլը շահարկումների առիթ դարձրեց Բաբայանի խոսքերն այն մասին, թե նա Խանումյանին չի խնդրել, որ վերջինս իրեն ԼՂՀ ՊՆ-ի պաշտոնին նշանակելու արշավ սկսի։

Սակայն այսօր իսկ Հայկ Խանումյանն իր հարցազրույցում ասաց, որ Սամվել Բաբայանը կապ չունի նրա նախաձեռնության հետ, և դա իր և իր ընտրողների ցանկությունն է։ Շտապեմ շատերին հիշեցնել, որ Խանումյանը պատգամավոր է, և միգուցե սա մեզ համար անսովոր է, բայց նա ներկայացնում է կոնկրետ մարդկանց իր ընտրողների շահերը։ Այդ մարդիկ պահանջում են, որ Բաբայանը դառնա պաշտպանության նախարար, իսկ Խանումյանը՝ որպես պատգամավոր, պարտավոր է արտահայտել ընտրողների կամքը, ինչը նա և արել է, և համոզված եմ՝ միշտ էլ անելու է։

Դրա համար պետք չէ հետին մտքեր փնտրել թե՛ Բաբայանի խոսքերի, թե՛ Խանումյանի նախաձեռնության մեջ։ Իրենք, ի տարբերություն իշխանությունների, իրենց պլանների և մտադրությունների մասին բացեիբաց խոսում են։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը