Քաղաքական

07.06.2016 15:09


Հայաստանի հեռանկարը բավական խոստումնալից է

Հայաստանի հեռանկարը բավական խոստումնալից է

Այսօր Հայաստանի համար շատ կարևոր է ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություն ունենալ: Այս մասին հունիսի 6-ին «Ազգային միասնություն» շարժման Արմավիրի մարզային ժողովի ժամանակ հայտարարել է Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանը:

-Սա այն է, ինչը պակասում է Հայաստանին: Հաշվի առնելով, որ երկրի ֆինանսական կարողությունները բավական սուղ են, ապա անհրաժեշտ է, որ շատ հրապուրիչ դառնա մեր ներդրումային միջավայրը,- ասել է նա:

Նշենք, որ սա «Ազգային միասնություն» շարժման թվով 8-րդ մարզային հանդիպումն է, և ինչպես մյուս բոլոր մարզերում, այնպես էլ Արմավիրում Ա. Սարգսյանը ծանոթացել է բնակիչների խնդիրներին, կարծիքներին, առաջարկներին և ներկայացրել «Ազգային միասնություն» շարժման առաջիկա ծրագրերը:

Արամ Սարգսյանն ասել է, որ ներդրումային ծրագրերը կյանքի կոչելու համար Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-8-ը Երևանում անցկացվելու է խոշոր բիզնես-ֆորում: Հրավիրվելու են գործարարներ տարբեր երկրներից, թե՛ հայ համայնքի, թե՛ այլազգի ներկայացուցիչներ:

-Այս առումով բավական լուրջ աշխատանք ենք տարել: Այսօրվա դրությամբ Արա Աբրահամյանը գտնվում է Միացյալ Նահանգներում: Այնտեղ մասնագիտական աշխատանքային խումբ է ստեղծված, որը պատրաստում է ֆորումի համապատասխան փաստաթղթային բազան և գաղափարախոսությունը և ծրագրի հայեցակարգը: Հիմքում կառավարման նոր մոդելի ձևավորումն է, որը կոչվում է «խելամիտ պետություն»,- ընդգծել է նա:

Արամ Սարգսյանը ժողովի մասնակիցներին հայտնել է, որ ֆորումի ընթացքում լինելու է դեմ առ դեմ հանդիպումների հնարավորություն, որտեղ հստակ ծրագրեր և առաջարկություններ ունեցողները կարողանալու են դրանք ներկայացնել ներդրողներին: Նա նշել է, որ Ռուսաստանի հայերի միությունը համագործակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ, որի ղեկավարը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն է:

-Այս ֆորումի հիմնական նպատակներից մեկը նաև այն է, որ ԵԱՏՄ շրջանակներում կապերն ավելի ամրապնդվեն և ավելի դյուրին դառնան այն հնարավորությունները, որոնք այսօր կան:

Ա. Սարգսյանի հավաստիացմամբ՝ ԵՏՀ-ը մասնակցելու է Երևանում անցկացվելիք բիզնես ֆորումին և ներկայացնելու է իր ծրագրերն ու հնարավորությունները:

-Ֆորումը ցույց կտա, թե ինչպիսի հնարավորություններ կան, անգամ այս պայմաններում Հայաստանը այս վիճակից դուրս բերելու համար: Այսօրվա պայմաններում էլ Հայաստանի հեռանկարը բավական խոստումնալից է և հնարավոր է դա իրականացնել,- նկատել է Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահը:

Ծրագրի ներկայացումից հետո ժողովի մասնակիցները ակտիվ քննարկում են ծավալել: Նրանք ներկայացրել են ոչ թե բիզնես ծրագրեր, այլ բարձրաձայնել են արմավիրցուն, գյուղացուն հուզող խնդիրները:

Ժողովի մասնակիցներից մեկը նշել է, որ իրենց խնդիրը ֆինանսական աջակցություն ստանալը չէ, այլ մտահոգված են բերքի արտահանման և իրացման խնդիրներով:

Ջերմատնային ասոցիացիա ՀԿ-ի տնօրեն Պողոս Գևորգյանը բողոքում է գազի գներից.

-Գազի գներն իմանալով մարդիկ ներդրում չեն անում: Երեք անգամ պակասեցրին գինը, բայց մեզ մոտ ոչ մի կերպ չի էժանանում, 10 դրամ են պակասացրել,- ասել է Գ. Պողոսյանը:

Այս խնդրի վերաբերյալ Արամ Սարգսյանն առաջարկել է միասին քննարկել հարցը և ձևակերպել համապատասխան դիմումը կառավարությանը։

-Մենք այդ դիմումով կգնանք վարչապետի հետ բանակցությունների, որովհետև սա մեր լուծելիք հարցը չէ, ոչ էլ Ռուսաստանի կառավարության,- նշել է Ա. Սարգսյանը:

Ժողովի մեկ այլ մասնակից էլ հարց է բարձրացրել, թե ո՞վ կուզենա ներդրում անել մի երկրում, որտեղ էներգակիրները շատ թանկ են, մենաշնորհներ են, կաշառակերություն է: Այս առիթով Արամ Սարգսյանն ասել է.

-Եթե մեր կողմից ներկայացվելիք ծրագիրը հավանության արժանանա, այն կյանքի կոչելու համար անհրաժեշտ կլինի քաղաքական հենարան ձևավորել, մենք ձեզ հետ կանցնենք այդ ճանապարհը,- եզրափակել է նա:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը