Մեկնաբանություն

07.06.2016 14:40


Հանցագործությունը բացահայտվեց

Հանցագործությունը բացահայտվեց

Դավիթ Բաբայանը Բակո Սահակյանի ֆորմալ մամլո խոսնակն է։ Իրականում նա արտահայտում է իշխանական վերնախավի մտածողությունը, աշխարհայացքը, տեսակետներն ու սրտի խոսքը (ԼՂՀ ՊԲ ներկայիս հրամանատար Լևոն Մնացականյանը մեկանգամյա օգտագործման «Դավիթ Բաբայան» է)։

Երբ հայտարարվում է, որ Հայկ Խանումյանին հասնում էր ծեծը, քանի որ նա իշխանություններին դուր չեկող մտքեր է հայտնում և իրենց համար անընդունելի վարքագիծ դրսևորում, դա անկեղծության պահ է (գործարար Արտակին էլ էին նույն տարբերակով (առևանգում և դաժան ծեծ) Երևանում բռնության ենթարկել, իսկ ազատամարտիկների վրա հարձակվել էին փոխոստիկանապետ Երանոսյանին օգտագործելով)։ Բ26–ն այդ պահին ամենաանկեղծն է հանրության հետ և հանդես է գալիս իր իրական դեմքով։

Ի դեպ, վերջին օրերին Բ26–ը ոչ միայն անկեղծացել է, այլ նաև ակամայից զբաղվում է ինքնաբացահայտմամբ։

Ինչպես հայտնի է, Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է, որ իրեն ծեծել են ու սպանելու սպառնալիքի տակ ստիպել կեղծ ցուցմունքներ գրել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դեմ։ ԼՂՀ ԱԺ պատգամավորին ստիպել են գրել, թե, իբր, Բաբայանն իրեն փող է տվել Ստեփանակերտում հանրային հավաք կազմակերպելու համար։

Սա այն նույն ձեռագիրն է, որի միջոցով 2000 թվականին հակաբաբայանական քարոզարշավ ու շինծու դատավարություն կազմակերպեցին։ «Մահանան» դարձավ ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպած «մահափորձը»։ «Մահափորձ», որի ժամանակ Ղուկասյանին սպասարկող մեքենան ամբողջությամբ «ցանցի» էր վերածվել կրակահերթի արդյունքում, բայց որևէ մեկը մեքենայի մեջ չէր մահացել։ Միայն ԼՂՀ նախկին նախագահն էր վիրավորվել ... ոտքից։ Թե քանի հոգու կարողացան համոզել այդ էժանագին կրիմինալ–սերիալը բեմադրելով, թողնենք կազմակերպողների հաշվելուն։

Տեղին է հիշեցնելը, որ Բաբայանին այդ «մահափորձի» համար դատում էին սովետական Ադրբեջանի օրենսդրությամբ։ Բաբայանին դատելու համար գտել էին վաղուց թոշակի գնացած և հոգեբուժարանում բուժում ստացած մեկին, ում դատական գործընթացի ավարտից հետո անմիջապես ազատեցին դատավորի պաշտոնից։

Դատավարությանը զուգահեռ՝ գեբելսյան ոճի ստեր էին տարածում Բաբայանի մասին (ութ տասնյակ մեքենաներ ունի և կիլոներով ոսկի, բռնաբարել է, թալանել է, դիկտատոր է և այլն)՝ առաջնորդվելով «Սուտն ինչքան մեծ լինի, այնքան ավելի շատ մարդ կհավատա դրան» տխրահռչակ սկզբունքով։

Ընդ որում՝ որևէ հիմնավորում, որևէ վկայի ցուցմունք չկա, որով հաստատվի, որ Բաբայանն այն է, ինչ ներկայացվել է քարոզչամեքենայով։

Այսօր այդ նույն թալանչիները, ուղնուծուծով դիկտատորները, տոննաներով ոսկի ու միլիարդներով դոլար ունեցողները փորձում են հին «պլաստինկան» պտտեցնել ու դրան գումարել նաև Խանումյանի «ցուցմունքները»։ Բայց դե, փուչիկը պայթել է։ Ինչքանով որ Խանումյանի «ցուցմունքն» է ճիշտ, այնքան էլ Բաբայանի մասին տարածվող մյուս ճղճիմ բամբասանքները։

Ստեփանակերտում Բաբայանին դիմավորելու եկած հազարավոր մարդիկ հակադատավարություն կազմակերպեցին բաց երկնքի տակ՝ Եղբայրական հուշահամալիրի մոտ։ Այն ջերմությունն ու անկեղծությունը որ կար Բաբայանին դիմավորողների մոտ, շատերը կերազեն ունենալ։ Դա ժողովրդի պատասխանն էր ստի ու կեղծիքի հեղինակներին։ Հենց դա էլ պատճառ դարձավ, որ Խանումյանի դեմ քստմնելի արարք գործեն՝ փորձելով ցեխ շպրտել ընդհանուր դրական պատկերի վրա և տարածել վախի մթնոլորտ, որպեսզի մարդիկ հանկարծ իրենց հրապարակի ու երկրի տերը չզգան, կրկին փողոց դուրս չգան ու թալանչիներին իրենց տեղը չդնեն։ Ինչ էլ, սակայն, անեն, չորսօրյա բախումներն ու մեր ցավալի կորուստները շոկային ազդեցություն են թողել, և հանրության մոտ փոփոխությունների ձգտումը մեծացել է։

Բաբայանն այդ շոկն ուժեղացնում է։ Նրա պատասխանն իր դեմ սանձազերծված հերթական արշավին պետք է լինի անհամարժեք, այսինքն՝ քաղաքական։ Սրանք քրեական դաշտում են իրենց հարմարավետ զգում ու սարսափում են միայն քաղաքական հարվածից։

Դե, իսկ Խանումյանին շուտափույթ ապաքինում ենք ցանկանում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը