Լրահոս

19.10.2010 09:13


Կառավարությունը ծիծաղու՞մ է ժողովրդի վրա

Կառավարությունը ծիծաղու՞մ է ժողովրդի վրա

Սոցիալական ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը Գյումրիում լուրջ դժգոհությունների տեղիք է տալիս: Դժգոհությունների պատճառ են առաջին անհրաժեշտության ապրանքների զանգվածային թանկացումները, գործազրկությունը և ցածր աշխատավարձերը: Իսկ կառավորության կողմից նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների ավելացումը գյումրեցիները ավելի շատ վիրավորական ու ծիծաղելի են համարում:

«Սրանք մեզ վրա են ծիծաղում: Ի՞նչ օգուտ պետք է տա ժողովրդին: 35 000 են դարձնում ամենացածր աշխատավարձը, մի մարդը ամսական 40-45 հազ. դրամով, եթե ոչ մի կոմունալ վարձ չմուծի, միայն կարող է հաց ուտել»,-ասել է գյումրեցի Վարազդատ Գրիգորյանը:

Իսկ 65-ամյա Գոհար Հակոբյանն էլ կարծում է, որ վարչապետը կենսաթոշակները բարձրացնելով՝ փորձում է ժողովրդի աչքը մտնել, բայց իրականում հակառակն է տեղի ունենում. «Ամեն ինչը թանկացրեցին՝ հացից սկսած։ Ես 15 հազ. դրամ թոշակ եմ առնում, դրանով ինչպե՞ս ապրեմ: Ջահելներն էլ աշխատանք չունեն, որ մի երկու կոպեկ փող աշխատեն, ստիպված թողնում-գնում են: Մարդ չի մնացել, բոլորը դուրս են գալիս, որ կարողանան իրենց գլուխը պահել»:

Գյումրեցի տնտեսագետ  Գայանե Սիմոնյանի կարծիքով էլ՝ սպառողական գների աճի ֆոնին բարձրացումները չեն կարող բնակչության կենսամակարդակի համար էական նշանակություն ունենալ։

«Ազդեցության տեսակետից հասարակության այն խավի համար, ում շահերն էլ որ շոշափվի այս փոփոխության ընթացքում, իմ կարծիքով էական լինել չի կարող։  Ինչո՞ւ։ Որովհետև այս երկուսի փոփոխությունները՝ եկամտի և գների, ազդեցության տեսակետից՝ դրական և բացասական, բնականաբար պետք է հաշվի առնել փոփոխությունների հարաբերակցությունը»,- բացատրել է տնտեսագետը:

Մի գյումրեցի էլ կառավարության անդամներին խորհուրդ տվեց իրենց սահմանած նվազագույն աշխատավարձով կամ թոշակով գոնե մեկ ամիս ապրել, և եթե դրանից հետո սովամահ չեղան, թող շարունակեն իրենց աշխատանքը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը