Կարծիք

03.06.2016 12:36


Սամվել Բաբայանը չէր դիմում իշխանություններին, այլ խոսում էր հասարակության հետ

Սամվել Բաբայանը չէր դիմում իշխանություններին, այլ խոսում էր հասարակության հետ

Հաճախ եմ ասում այն մասին, որ իշխանությունները լավ կանեն՝ լռեն։ Ուղղակի չպատասխանեն իրենց ուղղված որևէ քննադատության։ Դա անիմաստ է, քանի որ ասելիք, միևնույն է, չունեն։ Սամվել Բաբայանի հարցազրույցն էլ բացառություն չէ։ Իսկապես, ի՞նչ հակափաստարկ պետք է բերեն իշխանության ներկայացուցիչնները։ Բայց, արի ու տես, որ ինչ-որ բան փորձում են բարբաջել, ինչ-որ կերպով արձագանքել ու դե չեն կարողանում, էլի, իրենց զսպել։ Ասում են, թե «մենք մեր թերությունները բոլորից լավ գիտենք»։ Է հա՛, այդ ո՞վ է կասկածում, որ դուք ձեր թերությունները չգիտեք։ Առնվազն անհեռատես պետք է լինել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների թերությունները չնկատես։ Բայց հասարակության առողջ հատվածի տարբերությունը մեծ ու փոքր հանրապետականներից այն է, որ մենք գիտակցում ենք, որ դուք այդ ձեր բոլոր թերություններով սպառնալիք եք ներկայացնում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ազգային շահերի համար։

Սամվել Բաբայանի հարցազրույցը բավականին տպավորիչ էր, ազնիվ և, գոնե իմ համեստ կարծիքով, ուղղված էր ոչ այնքան իշխանություններին, այլ հասարակությանը։ Այդ իմաստով այն նաև ոգևորիչ էր։ Իսկապես, թեև գեներալը, համոզված եմ, անկեղծորեն հայտարարեց, որ չի ցանկանում ակտիվ քաղաքականություն մտնել, իր ներկայությունը միայն մեծ բան է նշանակում, յուրահատուկ հավատ ու վստահություն է ներշնչում վաղվա օրվա նկատմամբ։ Սամվել Բաբայանը թարմ շունչ բերեց Հայաստանի գաղջ ու լճացած քաղաքական դաշտ։

Ինչ վերաբերում է այն բարբաջանքներին, որ, այնուամենայնիվ, հնչեցին իշխանության երրորդ սորտի ներկայացուցիչների, ֆեյսբուքյան էժանագին գրչակների և քոչարյանական պարանոյայով տառապող, իբր, «ընդդիմադիրների» կողմից, ապա Սամվել Բաբայանը ոչ դրանցից պաշտպանվելու կարիք ունի, ոչ էլ իմաստ կա վերլուծել և պատասխանել այդ իմաստազուրկ մտքի փայլատակումներին։ Սամվել Բաբայանը շատ կոնկրետ մատնանշեց Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները։ Եվ ինքը արդեն չէր դիմում իշխանություններին, որ այդ թերությունները վերացնեն, այլ խոսում էր հասարակության հետ հասարակության ուշադրությունն այդ խնդիրների վրա սևեռելու համար։ Համոզված եմ՝ հասարակությունը ճիշտ է գնահատել գեներալի խոսքը և իր հետևություններն արել, ու տարբեր էդուարդշարմազանովներ, դավիթբաբայաններ, վահրամբաղդասարյաններ ու էլ չգիտեմ՝ ով, այստեղ քիչ բան ունեն անելու։ Հա, մի՛ նեղացեք, դա ուղղակի մարդկային տեսակներ են, այլ ոչ անուններ, դրա համար եմ փոքրատառով ու միասին գրել))

Նարեկ Սանթուրյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը