Քաղաքական

03.06.2016 07:57


Արա Աբրահամյանի ուղերձը Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտին

Արա Աբրահամյանի ուղերձը Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերտին

«Համաշխարհային Հայկական Կոնգրեսի ու Ռուսաստանի Հայերի Միության անունից թույլ տվեք հայտնել Ձեզ իմ խորագույն հարգանքը և հաղորդել, առ այն, որ աշխարհի տարբեր երկների հայկական համայնքները մեծ ուրախությամբ են ընդունել Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման մասին լուրը:

Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի հրեշավոր հանցագործություն է, որի պատճառով սպանվեցին 1,5 մլն հայեր, տանիքից ու ապրուստից զրկվեցին հարյուր հազարավորները` դառնալով աքսորյալներ ու ստիպված ապաստարան փնտրելով աշխարհի տարբեր ծայրերում:

Չնայած նրան, որ միջազգային հանրությունը, տարբեր երկրներ ու հասարակական կազմակերպություններ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան ոչ միայն չի ընդունում տեղի ունեցածը, այլև ցանկացած հիշեցում այդ թեմայով թշնամաբար է ընդունում:

Ընդունելով 1915թ. դեպքերում Գերմանիայի պատմական պատասխանատվությունը և դատապարտելով Օսմանյան կայսրության դաշնակից Գերմանական ռեյխի անգործությունը` Բունդեսթագի պատգամավորները ոչ միայն անգնահատելի ներդրում կատարեցին պատմական արդարությունը վերականգնելու ու նման հանցագործությունները կանխելու գործում, այլև ցույց տվեցին ամբողջ աշխարհին Գերմանիայի նվիրվածությունը դեմոկրատական արժեքներին ու հումանիզմի իդեալներին:

Անկեղծ հարգանքով`

Արա Աբրահամյան

Համաշխարհային Հայկական Կոնգրեսի ու Ռուսաստանի Հայերի Միության նախագահ
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ի բարի կամքի դեսպան»

Այս խորագրի վերջին նյութերը