Աշխարհ

02.06.2016 12:30


Սաուդյան Արաբիան համաձայնել է սահմանափակել նավթի արդյունահանումը

Սաուդյան Արաբիան համաձայնել է սահմանափակել նավթի արդյունահանումը

Սաուդյան Արաբիան դիտարկում է ՕՊԵԿ–ի երկրների՝ նավթի արդյունահանումը կրճատելու որոշմանը միանալու հնարավորությունը։ Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը՝ կազմակերպության հունիսի 2-ին կայանալիք գագաթաժողովին ընդառաջ տեղի ունեցած փակ նիստի մասնակից–պատվիրակներին հղումով։

Թերթի՝ բանակցություններին մասնակցող աղբյուրը նշում է, որ Էր-Ռիադը կհամաձայնի նման քայլի, եթե ՕՊԵԿ-ի նավթի արդյունահանման ընդհանուր ծավալը չգերազանցի օրական 32,5 մլն բարելի շեմը։

WSJ տվյալներով՝ սահմանափակմանը միանալը Սաուդյան Արաբիային հնարավորություն կտա վերականգնել իր հարաբերությունները ՕՊԵԿ-ի ավելի աղքատ անդամ երկրների հետ։

«Նրանցից ոմանք վրդովված էին թագավորության՝ նավթի արդյունահանումը սառեցնելու մասին բանակցությունները տապալելու դերով», – գրում է թերթը՝ նշելով, որ արդյունահանումը սահմանափակելու համաձայնագիրը կարող է Էր-Ռիադից չպահանջել արտադրության ծավալների կրճատում, որոնք այժմ հասել են համարյա ռեկորդային ցուցանիշի։

Արդյունահանման սահմանափակմանը կողմ են նաև Նիգերիան, Քաթարը, Ալժիրը և Վենեսուելան։ Այդուհանդերձ, նման քայլն ունի նաև խոշոր ընդդիմադիր՝ ի դեմս Արաբական Միացյալ Էմիրությունների։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄԷ–ն համաձայն չի կրճատել նավթի արտադրությունը, եթե նույնանման քայլի չգնա նաև Իրանը։

Միաժամանակ, պարբերականն արձանագրում է, որ ՕՊԵԿ-ի անդամ երկրների «տեսակետները արդյունահանման ստույգ ծավալների վերաբերյալ (և պե՞տք է արդյոք սահմանափակում մտցնել) առաջվա նման խորապես տարբերվում են, և բանակցությունները կարող են արդյունքի չբերել»։

Նշենք, որ ՕՊԵԿ-ի գագաթաժողովը կայանալու է այսօր՝ հունիսի 2-ին, Վիեննայում՝ կազմակերպության շտաբ-բնակարանում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը