Քաղաքական

02.06.2016 11:46


Հովիկ Աբրահամյան. «Որոշ շուկաներ մենաշնորհային չեն, բայց հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ»

Հովիկ Աբրահամյան. «Որոշ շուկաներ մենաշնորհային չեն, բայց հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ»

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ իր մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել են՝ շուկայում որոշ ապրանքների դեպքում կա կենտրոնացվածության բարձր աստիճան, բայց դրանք մենաշնորհային չեն։

–Սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թրչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, ֆորմալ առումով մենաշնորհային չեն, բայց հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ,–ասել է Հ.Աբրահամյանը:

Նա հանձնարարել է մեկամսյա ժամկետում մշակել հստակ ուղեցույցներ՝ ներկայացված ապրանքների ներմուծման գործընթացների մանրամասն նկարագրմամբ, և «յուրաքանչյուր շեղում դառնա քննարկման առարկա».

Ուղեցույցները պետք է զետեղվեն Էկոնոմիկայի նախարարության, ֆինանսների նախարարության, ՊԵԿ-ի, ինչպես նաև բոլոր առնչվող գերատեսչությունների կայքէջերում, իսկ երկամսյա ժամկետում տեղադրվեն նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով: Հանձնարարում եմ Կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում ներդնել թեժ գծի ծառայություն՝ ներկայացված խնդիրների մասով ահազանգերի ստացման և դրանց արագ արձագանքելու նպատակով: Հանձնարարում եմ Պետական եկամուտների կոմիտեի նախագահին և վարչապետի վերահսկողական ծառայությանը՝ օգոստոսի 1-ից սկսած՝ ամսական կտրվածքով հրապարակել վերլուծական հաշվետվություն ներմուծումների ժամանակ մաքսային ձևակերպումների ընթացքում նույնական մոտեցման վերաբերյալ՝ ըստ նշված ապրանքային շուկաների:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Հ.Աբրահամյանը հանձնարարել էր Էկոնոմիկայի նախարարությանը և առաջարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին քննարկել հանրապետությունում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմաններ ունենալու վրա և ներկայացնել առաջարկներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը