Կարծիք

01.06.2016 14:16


Սթափ մոտեցում մարազմի օվկիանոսում

Սթափ մոտեցում մարազմի օվկիանոսում

Ապրիլյան պատերազմի օրերին ու դրանից հետո պաթոսն ու մարազմը մեզանում անպակաս են: Մարդիկ «լուրջ դեմքերով» ասում են, թե «գնում ենք Բաքու՝ չայ խմենք», իսկ մյուս կողմից ասում են, թե «կորցրած 800 հեկտարը ռազմավարական նշանակություն չունեցող ամայի ու անմշակ հողեր են»: Միևնույն ժամանակ, Թալիշի բնակիչները չեն կարողանում վերադառնալ իրենց տները. իրենց առաջարկում են այլ տեղերում վերաբնակվել: Ու այս ամենի մեջ հատուկենտ են ադեկվատ գնահատականներն այս իրողությանը:
Մասնավորապես, ադեկվատ ու չափից դուրս սթափ գնահատականներ հնչեցին Սամվել Բաբայանի՝ մայիսի 31-ին լույս տեսած հարցազրույցում: Ի՞նչ է ասել գեներալ-լեյտենանտը.

1. Ապրիլյան դեպքերն ընդամենը մի քանի բանակային բրիգադի բախում էին:
2. Մեր թշնամին ունի զենք-զինամթերք արտադրելու բոլոր հնարավորությունները ու հիմա անում է դա: Իմ կողմից էլ ավելացնեմ, որ, փաստորեն, քանի «էշ» ադրբեջանցիները զենքի արտադրանքի վրա էին կենտրոնացած, մենք «Տարո՛ն ջան, սիրուն չի», լիքը տեսախցիկներ տեղադրելու, արագաչափեր տեղադրելու, փողոցները կարմիր ներկելու, բենզինի մոնոպոլիա խորացնելու ու Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելով էինք զբաղված:
3.Մենք չունենք հակաօդային պաշտպանության արդիական համակարգ:
4. Մեր ժողովուրդը պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ հողերը հանձնի ու վախով սպասի, որ ադրբեջանցին Երևան կմտնի, կա՛մ պետք է մոբիլիզացնի իր ռեսուրսներն ու ստիպի թշնամուն սսկվել: Այստեղ նաև ավելացնեմ, որ այսօրվա իշխանության պարագայում դա քիչ հավանական է:

Ի՞նչ անել այս պայմաններում: Կարծում եմ, որ մենք պետք է զորաշրջենք մեր բոլոր ռեսուրսները ու ուղղենք դրանք դեպի Արցախի պաշտպանության ամրացմանը (իմիջիայլոց, սրա մասին իր հարցազրույցում ասել է նաև գեներալ Վիտալի Բալասանյանը), դեպի Նախիջևանի հետ սահմանին հակաօդային պաշտպանության համակարգի կառուցմանը: Բայց դա հնարավոր կլինի անել միայն առողջ տնտեսություն ունենալու պարագայում, ինչն իր հերթին հնարավոր է անել առողջ, պետականամետ իշխանություն ունենալու պարագայում: Վերջին միտքը մեզ ստիպում է ակտիվ գործունեություն ծավալել Հայաստանում` որակապես նոր իշխանություն ձևավորելու համար: Դա թույլ կտա մեզ արդիականացնել տնտեսությունը ու զարգացնել Արցախի ամրության պաշարը:

Զարգացման այլ ճանապարհ մենք չունենք: Այլ ուղին դանդաղ տնտեսական կոլապսն է, որը կբերի հողերի հանձնմանը, ինչն իր հերթին նշանակում է հայկական պետականության ավարտ: Ընտրությունը մերն է…

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը