Կարծիք

27.05.2016 11:23


Սերժ Սարգսյանի հիմնարար հարցադրումը

Սերժ Սարգսյանի հիմնարար հարցադրումը

800 հեկտարի դիմաց մի քանի տասնյակ զինվորի կյանքը խնայող Սերժ Սարգսյանի հարցադրմանը Հայաստանի հասարակությունը պատրաստ չէր: Դա հիմնարար հարցադրում է՝ ո՞րն է ավելի կարևոր՝ զինվոր կյա՞նքը, թե՞ տարածքը: Առհասարակ, կա աշխարհում մի բան, ինչն ավելի թանկ է, քան մարդու կյանքը: Իհարկե, ոչ մի նյութական արժեք ավելի թանկ չէ, քան մարդու կյանքը: Սակայն կան նաև ոչ նյութական արժեքներ:
Նման մի հարցադրում էլ ժամանակին արել է ևս մեկ գերագույն հրամանատար՝ պատերա՞զմ, թե խաղաղությո՞ւն: Հարցադրումն, ըստ էության, նույն է: Սա հիմնարար խնդիր է, որին տրված պատասխանը կկանխորոշի մոտակա առնվազն 100 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, իսկ գուցե նաև՝ առհասարակ գոյությունը:
Հիմա փորձենք հասկանանք, թե կշեռքին ինչ արժեքներ են դրված: Եթե խոսքը գնում է լոկ նյութական արժեք ունեցող հողակտորի մասին, ապա, իհարկե, Սերժ Սարգսյանը ճիշտ է` մարդու կյանքը ավելի բարձր արժեք է, սակայն եթե խոսքը գնում է ոչ թե տարածքի մասին, այլ Տան, որտեղ մենք ապրում ենք, ապա հարցադրումնը բարդանում է: Եթե զինված հանցագործը գալիս է քո տուն, որպեսզի ճակատից գնդակահարի 90–ն անց պապիկին և տատիկին, հետո կտրում է նրանց ականջները, հետո կանանց է բռնաբարելու սպանելուց առաջ, իսկ ավելի փոքրերին գլխատելու է, ապա հարցադրումը փոխվում է՝ ո՞րն է ավելի կարևոր՝ կյա՞նքը, թե պատի՞վը:
Տարբեր հասարակություններ այդ հարցադրմանը տարբեր կերպ են պատասխանել: Ոմանք ընտրել են կյանքը, ոմանք` պատիվը: Պատիվը ընտրած հասարակությունների համար անպատվության չափը անհամատեղելի է եղել հետագա կյանքի հետ: Առաջին խմբին պատկանող հասարակություններն ապրել են անպատվության մեջ, որոնց թվում է եղել նաև մեր նախապապերի զգալի հատվածը: Որոշ հասարակություններ այլ ընտրություն են կատարել՝ նախընտրելով պատիվը:
1988-ին կարծես թե շրջադարձ էր կատարվել, սակայն, ինչպես պարզվում է, կան մարդիկ, որոնք նորից են ակտուալացնում այդ հարցադրումը: Ինչևէ, գերագույն հրամանատարը մեզ մարտահրավեր է նետել:

Հ.Գ. Ճապոնական զինվորականի կոդեքսում՝ Բուսիտոյում, կա մի կանոն՝ զինվորականը երբեք չպետք է սնվի գետնին թափված հացահատիկով, եթե անգամ սարսափելի սոված է: Սա հիշեցի շարք կանգնած նվերներ ստացող զինվորականների տեսարանից: Փաստորեն, զինվորներին սովորեցնում են մոռանալ պատվի մասին:

Ստեփան Դանիելյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը