Մեկնաբանություն

26.05.2016 00:57


Այս անգամ էլ Նժդեհի արձանն է քվեարկելու

Այս անգամ էլ Նժդեհի արձանն է քվեարկելու

Հայության «բվվոցը» երկինք է բռնել: Առիթը Վերնիսաժում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման փաստն է:

Վերնիսաժում աճուրդի է հանվում, վաճառվում ամեն բան՝ հին մեդալներից մինչեւ կուսակցական տոմսեր…մինչեւ ժամկետանց կուռքերի տարատեսակ «մասունքներ»: Սա՝ իմիջիայլոց:

2014-ին, երբ հայտնի դարձավ արձանի համար հայտարարված մրցույթի հաղթողների (քանդակագործ Գագիկ Ստեփանյան, ճարտարապետ Ասլան Մխիթարյան) եւ արձանի տեղադրման վայրի անունները, շատերը տարակուսեցին, թե ինչու է որոշվել Նժդեհի արձանը տեղադրել ոչ թե Գարեգին Նժդեհի անվան հրապարակում (բոլշեւիկ Ս.Սպանդարյանի արձանի տեղում), այլ՝ Վերնիսաժում՝ դիմահայաց Հանրապետության փողոցին:

Դե, տարակուսեցին, մի քիչ տրտնջացին եւ վե՛րջ: Բոլշեւիկի արձանը մնաց իր տեղում, Նժդեհինը՝ տեղադրվեց Վերնիսաժում: Աջ ձեռքի ցուցամատը ուղղված է գետնին: Քանդակագործի մտահղացմամբ՝ արձանի մատը պատվանդանից ցած, «կասկադային» հատվածում սեպված Նժդեհի մտքի վրա է ուշադրություն հրավիրում՝ «Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և հայրենիք»:

Մերօրյա «նժդեհականներն» իրենց համար սեփականաշնորհած գաղափարախոսի այլ միտք չեն կարեւորել: Աստված ու հայրենիք:

Աստվածավախության կեղծ կերպարի մեջ մտած եւ նաեւ՝ տերտերականության «պարադային» ձեռնարկների ու մեռելոցների սիրահար իշխող ուժը հարմար է համարել նշված միտքը: Կից՝ հայրենիքը: Ո՛չ պետությունը: Քանզի հայրենիք հասկացությունը աննյութական եւ անշոշափելի է, իսկ պետությունը՝ կոնկրետ է եւ իրական:

Պարզ է, որ նշված միտքն էին ընտրելու, բա հո չէի՞ն սեպելու Նժդեհի հետեւյալ միտքը. «Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից» (ավելորդ անգամ ազգին հո չէի՞ն հիշեցնելու իրենց մասին): Ինչեւէ:

Քանդակագործին էլ պատվիրել են մի այնպիսի երկա՜ր թիկնոց գցել Նժդեհի ուսերին, որ սպարապետի իրական բոյին մի քանի անգամ գերազանցի (ի դեպ, մերօրյա «նժդեհականների» առաջնորդի գործելակերպն ու վարքագիծը պաճուճավորված է բոյից մեծ «թիկնոցով» ինչը շատ ծիծաղելի է): Մինչդեռ, Նժդեհի դեպքում դրա կարիքը չկար:

Մարդիկ արդեն հասցրել են տեղադրված արձանը գնահատել, դրանում տեսնելով ամեն ինչ եւ այն նմանեցնելով ում ասես, բացի՝ Նժդեհից: Սակայն ուշագրավն այն է, որ Նժդեհի կերպարը շարունակում է շահարկել իշխող ուժը եւ նրա առաջնորդը՝ Լեռնահայաստանն ազատագրած հերոսին դարձնելով նախընտրական շրջանի «հաղթաթուղթ»:

2013-ի հունվարին, նախագահական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀԿ-ն շախով-շուխով կազմակերպեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմի պրեմիերան (ֆիլմի շուրջ ապահովելով քարոզչական «տորնադո»):

Ո՞վ է հիմա հիշում այդ ֆիլմը: Ոչ ոք: Մինչդեռ, իշխող ուժը այդ ֆիլմի վրա «գյուռ-գյուռ» փող էր թափել՝ 8 միլիոն դոլար:

Գաղափարախեղդ, «ռազմահայրենասիրական» բարձր դոզայով պատվիրված եւ ստեղծված այդ միջակ ժապավենը արժեցավ 8 միլիոն դոլար, որը հիմա ոչ ոք չի նայում, եւ որի մասին հիմա բոլորը մոռացել են (8 միլիոն դոլարով կարելի էր զինել բանակը, բայց դե ՀՀԿ ղեկավարին նախագահական երկրորդ ժամկետում «հաղթեցնել» էր պետք…Ինչ բանակ, ինչ բան…):

Իսկ հիմա էլ՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ահա՛ արձան են բացում: Դարձյալ գաղափարախեղդության մոտիվացիայով (բնականաբար, մի խոշոր գումար էլ այս կռապաշտության վրա են ծախսել):

Ճիշտն ասած, այս կռապաշտական ակցիաները ինձ հիշեցնում է բոլոր ժամանակներում ստեղծված եւ տապալված կուռքերին:

Մի ուժ եւ հատկապես նրա ղեկավարը, որ մշտապես գործել է (են) Նժդեհի գաղափարների դեմ, իրենց գործելակերպով ու կառավարման անկարողությամբ ապացուցել են, որ հակոտնյան են նժդեհյան փիլիսոփայության եւ ծրագրերի՝ բարոյական իրավունք չունեն դիպչելու այդ անձին, առավելեւս՝ փորձելու իրենց նույնացնել նժդեհականության հետ: Բայց դե մարդկության պատմությունը լի է այդպիսի դրվագներով, երբ հե՛նց նմաններն են իրենց համար կուռքեր ստեղծում եւ իրենց կուռքերի շվաքի տակ ավերում ամեն բան:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը