Լրահոս

18.10.2010 10:27


Ադրբեջանցի փորձագետ. «1990-1992թթ. ԼՂ հարցի լուծումը ավելի մոտ էր»

-Այժմ հարաբերական հանգիստ է, բայց հաջորդ տարին կարող է մեզ համար թեժ լինել,-«Vesti.Az»-ին տված հարցազրույցում անդրադառնալով  Իրանի շուրջը պտտվող կրքերի առնչությամբ Ադրբեջանին վերահաս վտանգին՝ ասել է անվտանգության գծով ադրբեջանցի փորձագետ, հանրապետության ազգային անվտանգության նախկին փոխնախարար Սուլհադին  Աքբերը։

Ըստ նրա՝ Ադրբեջանին առաջին սպառնալիքն այսօր «ադրբեջանական հողերի 20%-ի օկուպացիան է»։

-Անձնական փորձից ես գիտեմ, որ 1990-1992թթ., երբ ես ազգային անվտանգության փոխնախարար էի և մասնակցել եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փակ բանակցային գործընթացին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի հետ, այդ հարցի լուծումը ավելի մոտ էր, քանի որ Տեր-Պետրոսյանը Արևմուտքին ինտեգրվելու կուրս էր վերցրել,-ասել է Աքբերը։

Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթաց կլինի՞, թե՞ ոչ, պատասխանել է, որ չի կարծում, թե նման բան կլինի։

-Քանի դեռ Ռուսաստանը գերիշխում է տարածաշրջանում, մասնավորապես Հարավային Կովկասում, այդ հարցը չի լուծվի։ Պետք է վերացվի ռազմաքաղաքական անհավասարակշռությունը։ Այսինքն, Ռուսաստանը պետք է հրաժարվի իր պահանջներից տարածաշրջանում և հակամարտության լուծման ազդակ տա։ Բացի դա, Ռուսաստանի ժողովրդավարության հարցն ինքնին մեզ համար առաջնային է,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը