Լրահոս

07.12.2009 14:29


Երեկոյան կորոշեն

-Մեր նախարարությունն Առողջապահության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության հետ միասին վերլուծում է վերջին տվյալները, մարզերից ստացվում են տեղեկություններ հաճախությունների և հիվանդությունների հետ կապված։ Երեկոյան Առողջապահության նախարարության հետ կհամադրենք տվյալները և կկազմենք համապատասխան որոշումը,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ուսումնական հաստատություններում դասընթացները շարունակելու կամ դադարեցնելու հարցին։

 Նախարարը նշել է, որ քանի որ այս պահի դրությամբ որոշումը կայացված չէ, դրա համար էլ դասերը շարունակվում են։

-Իսկ դպրոցներից և մանկապարտեզներից ստացած տվյալների համաձայն՝ երեկոյան կկայացնենք համապատասխան որոշումը՝ կա՛մ դադարեցնել դասերը, կա՛մ շարունակել։ Այս պահի դրությամբ պաշտոնական ոչ մի որոշում չկա։

Ա. Աշոտյանը նաև ասել է, որ տարածված վիրուսի վերաբերյալ մարզերից ստացված տվյալները բավական խայտաբղետ են.

-Շատ են տարածված այն լուրերը, թե համատարած են բացակայությունները, բայց այդքանով հանդերձ ոչ հավասարաչափ է բաշխված հիվանդության խնդիրը։ Լոռու մարզում այս պահին գրեթե խնդիր չունենք։ Դրա փոխարեն Գեղարքունիքի մարզում հիվանդությունների ցուցանիշը բարձր է։ Մարզերը և վարչական շրջաններն անհավասարաչափ են ախտահարված վիրուսով. կան դպրոցներ, որտեղ նորմալ են հաճախությունները, և հակառակը՝ կան դպրոցներ, որտեղ բացակայությունների թիվը մեծ է։

Ըստ նախարարի՝ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել բոլոր նրբությունները. «Սա է պատճառը, որ մենք որոշումն ընդունելիս մի քիչ հապաղում ենք։ Տեղեկություն ունենք, որ հանրապետությունում կարող է ձյուն տեղալ, իսկ ձյունը կարող է մեղմել իրավիճակը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը