Մեկնաբանություն

24.05.2016 09:05


Անկախականներ vs հակաանկախականներ

Անկախականներ vs հակաանկախականներ

Հայաստանի քաղաքական սուբյեկտները, մեծ հաշվով, բաժանվում են երկու մասի՝ անկախականներ և հակաանկախականներ: Տարբերությունը նրանց միջև հսկայական է:

Անկախականները ապավինում են սեփական ուժերին և դրսում միայն դաշնակիցներ են փնտրում, իսկ հակաանկախականները չեն հավատում Հայաստանի ապագային ու դրսում տեր են փնտրում: Վերջիններս կարծում են, որ ՌԴ-ին Զորի Գայկովիչի միջոցով քծնանք-նամակ ուղարկելուց հետո կարող են այլևս չմտահոգվել անվտանգության հարցով ու երկրի ներսում զբաղվել միայն թալանով, իսկ հետո նեղանում են, երբ հասկանում են, որ անվտանգության հարցերը ամեն մի պետության սեփական գործն են:

Անկախականները կարծում են, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծել ազգային համախմբման միջոցով, և որ Ղարաբաղի հարցը ոչ թե բեռ է, այլ հնարավորություն: Հակաանկախականները առևտուր են անում Ղարաբաղի տարածքներով և իրենց բնույթով թրքաբոլշևիկներ են:

Անկախականի համար ՀՀ քաղաքացու կյանքն ու պետության տարածքը մեծ արժեք ունեն: Իսկ ահա հակաանկախականի համար մարդն էլ, տարածքն էլ զրոյական արժեք են ներկայացնում, սակայն զուտ հռետորաբանության մակարդակով փորձ է արվում մեծ մարդասեր երևալ:

Անկախականները գնահատում են և՛ մարդու կյանքը, և՛ մեր տարածքները ու կողմ են խաղաղությանը: Հակաանկախականները խաղաղությունից են խոսում, բայց ապահովում են մարդկային ու տարածքային կորուստներ:

Անկախականները կարծում են, որ Հայաստանը պետք է արժանապատիվ և գործընկերային հարաբերություններ հաստատի աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, իսկ ահա հակաանկախականները դրսի «դաբրոների» ակնկալիքով են ապրում և վասալային մտածողություն ունեն:

Անկախականները համոզված են, որ կարելի է հասնել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը և խաղաղություն պարտադրել հակառակորդին: Հակաանկախականները չեն հավատում Հայաստանի ու Ղարաբաղի ապագային. սրանք խաղաղությունից են խոսում, բայց պատերազմներ ու պարտություն են բերում:

Այսօր կրկին սրվել է անկախականների ու հակաանկախականների պայքարը:

Հակաանկախականները քիրվայական գաղափարախոսության կրողն են: Սերժ Սարգսյանը Հայաստանի հակաանկախական սուբյեկտների դրոշակակիրն է դարձել: Նայեք նրա բոլոր հայտարարությունները, քայլերն ու որոշումները և կհամոզվեք, որ ՀՀԿ ղեկավարն ուղնուծուծով հակաանկախական է:

Հակաանկախականների սիրած բանաձևն է. «Առանց ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարա­բե­րու­թյունների կարգավորման՝ Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգա­մանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը»:

Հակամարտության կարգավորում ասելով սրանք հասկանում են հայկական կողմի փաստացի կապիտուլյացիան:

Հակաանկախականների համար տարածքներ զիջելը նորմա է: Նրանք հազար ու մի բացատրություն կգտնեն՝ հիմնավորելու համար, որ մենք ունենք անպետք տարածքներ, և դրանցից ազատվելը հաղթանակին համարժեք բան է:

Հակաանկախականները պատրաստ են հանձնել Ղարաբաղի հողերը, կողմ են «խաղաղապահ» կոչվածների մուտքին ու դեմ չեն ԼՂՀ կարգավիճակի որոշման հարցն անորոշ ժամանակների թողնելուն, ինչն, ըստ էության, նշանակում է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնել:

Հիմա հակաանկախականները միավորված են և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո: Ապրիլյան թեժ մարտերի առիթը սրանք օգտագործեցին «ամուսնական կապը» հրապարակայնացնելու և հայրենասիրական հռետորաբանության կիրառման միջոցով անձնական խնդիրները լուծելու համար:

Անկախականների գործն է, հետևաբար, սրանց քաղաքական դաշտից հեռացնելը և պատմության այս ամոթալի էջը փակելը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը