Մեկնաբանություն

21.05.2016 08:35


«Մեր հաղթանակը մեր պարտությունն է» շարքից

«Մեր հաղթանակը մեր պարտությունն է» շարքից

«Մենք ոչ թե պարտվել ենք, այլ հաշվի մեջ հետ ենք մնացել:

Ճիշտ է, մրցակիցը մեզ ավելի շատ գոլ է խփել, բայց նա չի կարողացել ճեղքել ու քայքայել մեր դարպասի ցանցը, իսկ դա նշանակում է, որ մեր թիմը կատարել է առաջադրանքը:

Մենք կարող էինք գոլերով առաջ անցնել, բայց դրա համար պետք է վազեինք, հնարավոր է՝ նաև վնասվածք ստանայինք ու ահագին հոգնեինք:

Դատեք ինքներդ. մրցակից թիմը խփած ամեն մի գոլի համար հազարավոր մետրեր է վազել: Հիմա դա նրա՞նց հաղթանակն է, թե՞ մեր հաղթանակը:

Նրանք, ովքեր սրճարաններում նստած դժգոհում են, թե ինչու ենք ավելի շատ գոլ կերել, թող իրենք խաղան ու փորձեն հաշիվը հօգուտ մեզ փոխել:

Համ էլ ի վնաս մեզ ավարտված այդ խաղը կարևոր չէր, չուներ մրցաշարային նշանակություն, և ուրեմն, ամեն ինչ կարգին է: Կարևորը, որ խոշոր հաշիվ չգրանցվեց:

Կարող էր ավելի վատ լինել»:

Ինչպե՞ս կգնահատեք այս խոսքերը, եթե դրանք արտաբերի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

. . .

«Հիվանդի վիճակը մեր վիրահատությունից հետո ոչ թե վատացել է, այլ այդ օրգանը դադարել է նախկինի պես գործելուց: Կարևորն այն է, որ հիվանդությունը չկարողացավ ճեղքել ու քայքայել հիվանդի մյուս օրգանները: Ոչինչ, որ մենք հիվանդության սկզբնական փուլում չկարողացանք դեղերով բուժել, ու բանը հասավ վիրաբուժական միջամտության: Կարևորն այն է, որ հիվանդը դեռ ողջ է:

Հիմա հիվանդի հարազատները սրճարաններում նստած հայհոյում են մեզ և պահանջում վերականգնել չաշխատող օրգանի ֆունկցիան, բայց քննադատելը հեշտ գործ է: Եթե դժգոհ են, թող իրենք վիրահատեն:

Համ էլ այդ օրգանն այնքան էլ կարևոր ու ռազմավարական նշանակություն չունի մարդու համար: Կարևորն այն է, որ մարդը դեռ կա, շնչում է և շատ բաներ պետք է հասցնի անել:

Կարող էր ավելի վատ լինել»:

Ինչպե՞ս կգնահատեք այս խոսքերը, եթե դրանք արտաբերի հիվանդանոցի գլխավոր բժիշկը:

. . .

«Մեր կառուցած շենքը ոչ թե փլուզվել է, այլ բաժանվել է բազմաթիվ մանր մասերի՝ հավասարվելով գետնին:

Կարևորն այն է, որ փլուզումից հետո շենքի դիմացի «բեսեդկայի» կողային հատվածները չեն ճեղքվել ու չեն քայքայվել: Ճիշտ է, հիմա այլևս հնարավոր չէ «բեսեդկայում» նստել ու զրուցել, բայց բոլոր դժգոհողները թող գնան ու վերականգնեն փլուզված շենքի նախնական տեսքը:

Համ էլ այդ «բեսեդկան» ռազմավարական նշանակություն չունի: Այն ավելի շատ հոգեբանական գործոն է եղել:

«Բեսեդկան» մեզ պետք չէ, մանավանդ որ շենքում այլևս մարդ չի ապրում:

Կարող էր ավելի վատ լինել»:

Ինչպե՞ս կգնահատեք այս խոսքերը, եթե դրանք արտաբերի շինարարական կազմակերպության ղեկավարը:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը