Մեկնաբանություն

21.05.2016 00:05


Ս. Սարգսյանի եւ հայրենիքի պաշտպանության խրամատները հակադիր բեւեռներում են

Ս. Սարգսյանի եւ հայրենիքի պաշտպանության խրամատները հակադիր բեւեռներում են

2014 թվականին ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկից առաջ, Հանրապետական կուսակցության խորհրդի նիստում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կուսակից պատգամավորներին հորդորեց անձնական գործերը մի կողմ դնել և մասնակցել Ազգային ժողովի նիստերին։

Նա ԱԺ-ն համեմատեց խրամատի հետ, իսկ օրենսդրական աշխատանքը՝ նրանց կռվի։

Այդ օրը ՀՀԿ ղեկավարը նաեւ անդրադարձավ բացակայող պատգամավորներին:

«Այսօրվանից ձեր բոլոր անձնական կամ ոչ անձնական այլ խնդիրներն ու ծրագրերը դնում եք մի կողմ, մղում երկրորդ պլան, – դիմելով պատգամավորներին՝ ասել էր Ս. Սարգսյանը, ապա ավելացրել,- Այդպիսի մարդիկ ինձ համար նման են այն զինվորներին, ովքեր թողնում են խրամատը: Մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, մենք հազարավոր ծրագրեր ունենք իրականացնելու, և ձեր բոլորի կռվի դաշտը և ձեր խրամատն էլ խորհրդարանն է, ձեր կռիվը` օրենսդիր աշխատանքը, ձեր թշնամին` մեր ժողովրդի հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են: Եթե զինվորը լքում է խրամատը, ապա գրոշի արժեք չունի, թե այդ ընթացքում այդ զինվորը ինչ աշխարհացունց այլ աշխատանք է կատարում: Եվ եթե զինվորը խրամատում է ու չի կրակում անհրաժեշտ պահին, այդ զինվորն էլ գրոշի արժեք չունի: Խորհրդարանականի կարևորագույն խնդիրն է՝ մասնակցել աշխատանքներին, առաջին հերթին՝ նստաշրջաններին և քվեարկել այնպես, որպեսզի մեր ծրագրերն իրականանան»:

Ահա՛, գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ ունեցող մարդու պատկերացումը «զինվորի» մասին:

Սարգսյանի համար չափազանց կարեւոր է ոչ թե հայրենիքի պաշտպանությունը, մարդկային ու տարածքային կորուստները, այլ՝ օրենսդրական «ճակատում» ճեղքում եւ քայքայում թույլ չտալը (ժողովրդի, բանակի հոգսերի, պրոբլեմների, այն արդիական զինատեսակներով ապահովելու մասին ՀՀԿ ղեկավարի մտահոգություններն, ինչպես պարզ դարձավ, ուղղակի, բլեֆ էին):

Ի դժբախտություն հայ ժողովրդի, նա այսպիսի գիտակցությամբ է երկիր ղեկավարում, որի կռիվը սեփական ծրագրերն իրականացնելու համար է, ոչ թե ինչ-որ 800 հեկտարի, որը համարում է ռազմավարական եւ մարտավարական նշանակություն չունեցող հողակտոր (դիրքեր): Դրա համար էլ հիմա օրենսդրական «խրամատում» կուչ եկած հանրապետականները եւ նրանց կից դամքաշները ապրիլյան չորսօրյա պատերազմում թշնամուն զիջած 800 հեկտարը համարում են «չմշակվող, ամայի տարածքներ»: Քանզի իրենց առաջնորդի համար եթե կա մի «մշակելի» եւ «կենսական» տարածք, ապա դա խորհրդարանական քվեարկությունների դաշտն է, որի «առաջնագիծը» պետք է պահել ամեն գնով: Այդ պատճառով էլ անհրաժեշտ պահին երկու անգամ ՀՀԿ-ական օրենսդիրները կրակեցին իրենց «խրամատից» եւ Ընտրական օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ անցկացրին:

Ոչ մի կասկած, որ մինչեւ հունիս կամ հունիսին ԸՕ-ում կատարված փոփոխությունները նրանք կընդունեն ամբողջությամբ՝ ցուցադրելով «հերոսական սխրանք» եւ կատարելով իրենց հրամանատարի հրամանը:

Այսու ժողովուրդը պետք է հետեւություն անի՝ Սերժ Սարգսյանը ինչի՞ գերագույն գլխավոր հրամանատարն է՝ սեփական ծրագրերի կենսագործմա՞ն, թե՞ երկրի անվտանգության ապահովման:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը