Կարծիք

20.05.2016 20:43


Սերժսարգսյանական քրեաօլիգարխիկ ռեժիմը հրաժարվում է ...

Սերժսարգսյանական քրեաօլիգարխիկ ռեժիմը հրաժարվում է ...

Պատերազմը մեծագույն չարիք է ու մեզանից ոչ ոք չի ցանկանում պատերազմ և մարդկային զոհեր, սակայն եթե թշնամին տեսնում է, որ դու վախենում ես պատերազմից կամ պատրաստ չես ամեն գնով պաշտպանել հարազատ հողի յուրաքանչյուր թիզը՝ պատերազմը և մեծաթիվ մարդկային զոհերը դառնում են անխուսափելի:

Դրա համար են ասում. բաղձում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի:

Գարեգին Նժդեհի և ցեղակրոնության գաղափարական շտեմարանի ժառանգորդ իրեն հռչակած ՀՀԿ-ի ներկայիս ղեկավարությունը գործնականում ժխտում է այս ճշմարտությունը, ինչի ապացույցն այն է, որ մտքափոխվել է և այժմ չի ցանկանում, ինչպես Սերժ Սարգսյանի շուրթերով խոստացել էր ապրիլյան քառօրյա պատերազմական գործողությունների օրերին, կնքել Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր: Այդ մասին երկու օր առաջ ելույթ ունենալով Կենտրոն հեռուստատեսության եթերում՝ Պետրոս Ղազարյանի «ՈՒրվագիծ» հեղինակային ծրագրում բացիեբաց հայտարարեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Այդպիսով սերժսարգսյանական քրեաօլիգարխիկ ռեժիմը փաստացի հրաժարվում է իրավական հիմքերի վրա դնել Արցախի հայության ինքնապաշտպանությանն օժանդակելու համայն հայության ձգտումը՝ ամրագրելով իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթում սեփական պատասխանատվությունն այդ հարցում:

Սա չափազանց վտանգավոր ազդանշան է, որը բացահայտում է Արցախի ինքնապաշտպանության կազմակերպման հարցում պատասխանատվությունից խույս տալու և հայ հասարակությանը տարածքային զիջումների անխուսափելիության մտքին հետզհետե վարժեցնելու վարչախմբի կողմից ընտրված ազգակործան մարտավարությունը:

Հրաժարվելով հայրենաբնակ հայության պաշտպանունակությունն ամրապնդելու նպատակով արտակարգ միջոցառումներից՝ ժողովրդից գողացած և օֆշորներում թաքցրած միլիարդները երկիր վերադարձնելու հասարակության արդարացի պահանջի բավարարումից, հանրապետական վարչախումբը հանգել է այն մտքին, որ իր համար այդ տհաճ հարցադրումներից խուսափելու ամենահարմարավետ ձևը պատասխանատվությունից ընդհանրապես խույս տալն է՝ Արցախի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցը «սրճարաններում հավաքվող» երիտասարդների ուսերին դնելն է:

Այո՛, սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունն իր քսանհինգամյակի նախաշեմին հայտնվել է անգլուխ և անողնաշար ձիավորի վիճակում, և հասարակությունը դատապարտված է ինքնակազմակերպման միջոցով դուրս գալ այս ողբերգական վիճակից՝ սա է հանրային փրկության միակ ճանապարհը:

Հմայակ Հովհաննիսյանի ՖԲ էջից

Այս խորագրի վերջին նյութերը