Լրահոս

07.12.2009 12:24


Դեկտեմբերի 7–ը հայ–թուրքական հարաբերությունների հետագա զարգացման ջրբաժան

Դեկտեմբերի 7–ը հայ–թուրքական հարաբերությունների հետագա զարգացման ջրբաժան

Դեկտեմբերի 7-ին ավարտվում է Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայ-թուրքական արձանագրություններին եզրակացություն տալու վերջնաժամկետը։ Ըստ «7օր»-ի թուրքական աղբյուրների՝ հանձնաժողովը դրական կամ բացասական եզրակացություն պետք է տա Երևանի ժամանակով մոտավորապես 15։00-ից հետո։

Նույն օրը Վաշինգտոնում տեղի է ունենալու նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը։

Մինչ այս ՀՀ իշխող կուսակցության ներկայացուցիչներից ոմանք հայտարարում էին, որ դեկտեմբերի 7-ին Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն պետք է տա։ Մասնավորապես Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 30-ին համոզմունք է հայտնել, որ եզրակացությունը դրական է լինելու. հակառակ դեպքում Էրդողան-Օբամա հանդիպումը չի կայանա։

2 օր անց նույն խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը նույնպես ասել է, որ մինչև դեկտեմբերի 7-ը Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ նախագահի և Թուրքիայի վարչապետի հանդիպումը հայ-թուրքական արձանագրությունները դրական եզրակացություն կստանան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Իսկ այդ հադիպման ժամանակ, Գ. Մելիքյանի համոզմամբ, Բ. Օբաման մեկ անգամ ևս կպարտադրի Թուրքիային շատ կարճ ժամկետներում վավերացնել արձանագրությունները։

Որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ողջամիտ ժամկետ էլ ՀՀԿ պատգամավորների կողմից նշվում էր 2010թ. գարունը։

Թե այսօր ի՞նչ եզրակացություն կտա Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, թուրքագետ Արտակ Շաքարյանը դժվարացել է պատասխանել, սակայն այս հարցում նա այնքան էլ լավատես չէ։ Այսօր «7օր»-ի թղթակցի հետ հետ զրույցում նա ասել է, որ Օբամա-Էրդողան հանդիպման ժամանակ Թուրքիայի վարչապետը կմատնանշի, որ արձանագրությունների վերաբերյալ քննարկումները շարունակվում են, սակայն կավելացնի. «Հարգելի՛ պարոն Օբամա՛,  Դուք պետք է նաև Ձեր ինչ-ինչ քայլերով  օգնեք մեզ, որ մենք Թուրքիայի խորհրդարանում անցկացնենք այս օրինագիծը»։

-Վերջնական արդյունքը կախված է այսօրվա հանդիպումից և ղարաբաղյան հարցում զարգացումներից,- նշել է Ա. Շաքարյանը՝ հավելելով.

-Կարծում եմ, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն չի տա, բայց եթե նույնիսկ տա էլ, դա վերջնական վավերացման համար էական որևէ դերակատարում չունի։ Դա պարզապես կարվի Անկարայի խաղաքարտերն ուժեղացնելու համար։ Այսինքն, այն հույսը, որ արտաքին այդ հանձնաժողովը վավերացրեց, ուրեմն ամեն ինչ լավ է, գնում ենք դեպի վերջնական վավերացում, չպետք է ունենալ, որովհետև ընդհանուր խաղը, ամեն դեպքում, դեռ պարզված չէ։

Թուրքիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից արձանագրություններին բացասական եզրակացություն տալն էլ, սակայն, ըստ թուրքագետի, չի կարող նշանակել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և արձանագրությունների վերջնական վավերացումն այլևս ձախողված է, քանի որ այդ հարցը դեռ կարելի է վերաքննել։ Իսկ ընդհանրապես, Ա. Շաքարյանի խոսքերով, Թուրքիան կձգտի, որ մինչև փետրվար-մարտ ամիսներն առաջընթաց լինի հայ-ադրբեջանական հարցում, իսկ հայ-թուրքական արձանագրություններն էլ վավերացվեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը