Քաղաքական

18.05.2016 15:25


Արմեն Գրիգորյան. «Բյուրոկրատիան փորձում է ճանապարհներ գտնել՝ ինչպես կենդանի մնալ»

Արմեն Գրիգորյան. «Բյուրոկրատիան փորձում է ճանապարհներ գտնել՝ ինչպես կենդանի մնալ»

Ինչպես տեղեկացրել էինք, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խումբը մայիսի 10-ին հայտարարել էր «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի մեկնարկի մասին: Այսօր «Հեռանկար» կենտրոնում «Քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով սեմինար-քննարկման ընթացքում քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով պատերազմի ու ժողովրդավարության հարցերին՝ ասել է, որ պատերազմները պատմության ընթացքում մեծ ազդեցություն են ունեցել պետականության ձևավորման վրա, որովհետև դրանք ստիպում են ձևավորել ուժեղ բյուրոկրատիա ու տնտեսական մոդել:

-ՀՀ կառավարման մոդելը մի առանձնահատկություն ունի՝ ձևավորվել է ղարաբաղյան պատերազմի արդյունքում: Անկախության տարիների ընթացքում ՀՀ բյուրոկրատիան 2 շոկ է ապրել՝ 2008-ին, որը ստիպել է բացվել, և որից հետո փորձեցին տարբեր խնդիրների մասին ավելի ակտիվ խոսել, բայց երբ տեսան, որ ընդդիմությունը թուլանում է, բյուրոկրատիան հետ հավաքվեց: Մյուս շոկն ապրիլյան պատերազմից հետո էր, որից հետո ևս սկսեցին ավելի հաճախ խոսել տարբեր խնդիրների մասին,-ասել է բանախոսը՝ շեշտելով, որ հիմա բյուրոկրատիան ինչքան էլ փորձի փակ մնալ, պետք է գնա որոշ փոփոխությունների:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ այս պահին բյուրոկրատիան այնպիսի վիճակում է, որ փորձում է ճանապարհներ գտնել՝ ինչպես կենդանի մնալ և իրականացնել որոշ փոփոխություններ:

-Շոկը, որը եղել է, և բյուրոկրատիան, որը փորձում է որոշ ճանապարհներ գտնել, երկար ժամանակ է շարունակվելու, և պետք է փորձել որոշ քայլեր իրականացնել,-ասել է նա՝ այդ առումով կարևորելով 2017թ. ընտրությունները:

«Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը