Մեկնաբանություն

18.05.2016 14:20


Հակակոռուպցիոն պայքարը և Սերժ Սարգսյանի մասնավոր շահերը

Հակակոռուպցիոն պայքարը և Սերժ Սարգսյանի մասնավոր շահերը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս ելույթ ունեցավ հակակոռուպցիոն թեմայով։ Նաև պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելու մասին խոսեց։

Դրանից առաջ ելույթ էր ունեցել Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով, որ ապրիլին հարկային մարմինները հավաքել են ավելի քան 100 միլիարդ դրամ, և իր գոհունակությունն էր հայտնել այդ կապակցությամբ։ ՀՀԿ ղեկավարն ուզում էր ակնարկել, որ ինքը ՊԵԿ նոր ղեկավարի միջոցով ստվերից ահագին գումարներ է դուրս բերել։

Այս հայտարարությունների համապատկերին մի ուշագրավ տեղեկություն հրապարակվեց մամուլում։

«Ա1+»–ին հայտնի է դարձել, որ «Ռուս-Արմ օյլ» ՍՊԸ-ի մոտ 46 տոննա դիզվառելիքով բեռնված մեքենաների համար մաքսային մարմինները խնդիրներ են ստեղծել Բագրատաշենի անցակետում։ Այս մասին լրատվամիջոցին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Անաստաս Սեդրակյանը: Նրա խոսքերով՝ դիզվառելիքը ներմուծվել է Կրասնոդարից: Մայիսի 1-ից մեքենաները կանգնած են եղել Բագրատաշենի անցակետում:

«Պատճառաբանությունն այն է, որ ուղարկել են լաբորատորիա՝ փորձաքննության, բայց մեզանից ոչ նմուշ են վերցրել, ոչ մի բան: Միասնական մաքսային միության ապրանքից ոչ ոք իրավունք չունի նմուշ վերցնելու: Եթե ինչ-որ բան այն չէր, ինչո՞ւ մինչեւ հիմա բաց չէին թողնում: Թողնում էին, որ տույժ-տուգանք գար մեզ վրա, եւ հետո նոր հե՞տ ուղարկեին»,- ասել է Անաստաս Սեդրակյանը:

Ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ իրենք մեծ վնասներ են կրում. «Այսպիսի անարխիա է տիրում: Վարորդներին ասել են՝ դա մոնոպոլիա է. չեք իմանում, որ բերել եք»:

Վառելիքը լաբորատորիա ուղարկելու «պոնտը» հայտնի է։ Դա «չուժոյ» գործարարին վնաս տալու և բիզնեսին խփելու ձև է։

Ահա այսպես, ստվերային տնտեսության և կոռուպցիոայի դեմ պայքարի ելույթներին զուգահեռ՝ ունենք դաժան իրականություն։

Գույներն է՛լ ավելի են խտանում, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ հեղուկ վառելիքի շուկան Հայաստանում մենաշնորհային է, և այդ մենաշնորհից անձնական շահ ունի անձամբ Սերժ Սարգսյանը, քանզի իր մերձավորներն են «Ռոսնեֆտի» հետ վառելիք ներմուծում։ Այսինքն՝ ստացվում է, որ ՊԵԿ–ի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանին Սերժ Սարգսյանը պաշտոնի է նշանակել, որպեսզի նա սպասարկի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդու մասնավոր շահերը, թույլ չտա, որպեսզի մեկ լիտր անգամ վառելիք բերեն ուրիշները և հետո շեֆին զեկուցի իր արածների մասին (իսկ Հովհաննեսի եղբայրը ՌԴ–ում այսպիսի խոչընդոտների հանդիպո՞ւմ է, թե՞ նման խոչընդոտներ որ լինեին, նա հազիվ թե իր հայաստանաբնակ եղբորը թանկարժեք նվերներ կարողանար անել, ու, ըստ օդում կախված լուրերի, նաև կլորիկ գումարով պաշտոն ձեռք բերեր նույն Հովհաննեսի համար)։

Թե քանի կոպեկի արժեք ունեն այս պայմաններում ստվերային տնտեսության դեմ պայքարի և հակակոռուպցիոն քայլերի մասին հայտարարությունները, հասկանալի է բոլորին։

Քանի դեռ Սերժ Սարգսյանը պետական կառավարման ղեկին է, Հայաստանում կոռուպցիան ծաղկելու է, մենք հեկտարներով տարածքներ ենք կորցնելու, զոհեր ենք ունենալու և հետընթաց ենք ապրելու։ Լուծումը մեկն է, և բոլորս պետք է աշխատենք այդ լուծման ուղղությամբ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը