Մեկնաբանություն

18.05.2016 10:20


Մա՞րդ, թե՞ հեկտար. կեղծ երկընտրանք

Մա՞րդ, թե՞ հեկտար. կեղծ երկընտրանք

2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն իր աթոռային մրցակցին մեղադրեց Ղարաբաղը ծախելու ցանկության մեջ։ Ուզում էր ասել, որ ինքն՝ իր բոլոր թերություններով հանդերձ, Ղարաբաղը ծախող չէ։

Կյանքը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը եթե Ղարաբաղը ծախող չէ, ապա առնվազն հանձնող է և, ըստ էության, նույն քիրվայական կոդի մեջ է, ինչ իր երբեմնի աթոռային մրցակիցն ու ներկայիս քաղաքական հաճախորդ–զուգընկերը։

Սարգսյանն այժմ փորձում է հիմնավորել, որ մեր կորուստներն ընդամենը հոգեբանական են, և բառիս բուն իմաստով «քուչի բազառներին» ներհատուկ ոճով հայտարարում է, թե ով համաձայն չէ այդ կորուստների հետ, թող ինքը գնա վերցնի։ Այդպիսով Սերժ Սարգսյանը երկրի անվտանգության հարցն իջեցնում է տղայական մակարդակի և խաչ քաշում պետության վրա (սրանք նույն ոճով նաև հայտարարում են, թե ում դուր չի գալիս Հայաստանում տիրող վիճակը, թող հեռանա)։

Բացի այդ, «Վերջի բոլշևիկն» իր պարտությունը փորձում է ներկայացնել որպես հաղթանակ ու թաքնվել մարդասիրական լոզունգների տակ։ Ըստ նրա՝ կարևորը մարդու կյանքն է, և դա է պատճառը, որ ինքը չի ափսոսում տարածքային կորուստների համար և չի ուզում դրանք հետ վերցնել (այդ տրամաբանությամբ կարելի է Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ հանձնել թուրքերին ու ադրբեջանցիներին՝ նախապես տարհանվելով)։

Ցինիզմը և դեմագոգիան, փաստորեն, ուր են հասել, որ տասը հոգու կյանքի գնով իշխանությունը վերցրած գործիչը խոսում է մարդու կյանքի կարևորության մասին։ Դա նույնն է, ինչ Թալեաթը խոսեր հայերի իրավունքների պաշտպանության մասին։ Ինչևէ։

Եթե Սերժ Սարգսյանը հաշվում է, թե քանի մարդ է կորցրել Ադրբեջանը ամեն հեկտարը մեզանից վերցնելիս, ապա մենք էլ հաշիվ ենք պահանջում, թե ինչու ամեն հեկտարը հանձնելիս զոհեր ենք տվել: Չէ՞ որ Սարգսյանը հանձնած տարածքները ռազմավարական ու նույնիսկ մարտավարական չի համարում: Բա այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք 1994-ին Ղարաբաղի հյուսիսարևելյան տարածքներն ազատագրելիս տվել մոտ յոթ հարյուր զոհ (Թալիշի ուղղությամբ այդ ժամանակ կռվել է Մանվել Գրիգորյանի գլխավորած 5-րդ բրիգադը), ինչո՞ւ էինք մինչև ապրիլյան չորսօրյա պատերազմն այդ դիրքերում զինվորականներ կանգնեցրել, ինչո՞ւ էինք թալիշցիներին խաբել, որ ամեն ինչ կարգին է, ու կարելի է ապրել, քանզի ճակատը թշնամին չի կարող ճեղքել։

Ինչո՞ւ ենք ապրիլյան չորսօրյա թեժ մարտերի ժամանակ հանձնելիս տվել մոտ հարյուր զոհ, այն էլ՝ մի քանի ժամվա ընթացքում (ապրիլի 2-ին են գրանցվել մեր հիմնական զոհերը, որոնց մեծ մասը բեկորային խոցումից են մահացել, ինչը վկայում է այն մասին, որ վերևից թափվող կրակի դեմ անպաշտպան են եղել մեր տղաները):

Եթե Ադրբեջանին առաջարկվում է հաշվել զոհերն ամեն մի գրաված հեկտարի վրա, ապա մենք էլ պետք է հաշվենք մեր զոհերը, բայց արդեն՝ ամեն մի հանձնած հեկտարի վրա։ Ընդ որում՝ մենք, ըստ սերժսարգսյանական ձևակերպումների, հանձնել ու զոհեր ենք տվել անկարևոր տարածքների համար։ Ստացվում է, որ հարյուրից ավելի զոհն ու վիրավորներն իզո՞ւր են եղել։

Նկատենք, որ Սերժ Սարգսյանի այս գնահատականներն ինքնամեղադրող ցուցմունք են հիշեցնում։ Նա՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը զբաղեցնող, փաստորեն, «պոդստավկա է արել» և՛ զինվորներին, և՛ խաղաղ բնակիչներին։

Ինչ վերաբերում է «մա՞րդ, թե՞ հեկտար»–ին, ապա այս առումով պետք է լինի ոչ թե «կա՛մ, կա՛մ», այլ «և՛, և՛»։ Բայց այդ «և՛, և՛»–ն այն «և՛, և՛»–ը չէ, որի շրջանակներում Սերժ Սարգսյանը Հայաստանի ու Ղարաբաղի շահերը զիջելով է զբաղված։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը