Աշխարհ

17.05.2016 21:25


Շթայնմայեր. «ԵԱՀԿ-ն ակտիվորեն կաջակցի հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին»

Շթայնմայեր. «ԵԱՀԿ-ն ակտիվորեն կաջակցի հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին»

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը ողջունել է Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած հանդիպումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից, ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որում Շթայնմայերը նշել է, որ շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված:

«Ես խոր պես ցավում եմ զոհերի կապակցությամբ և կոչ եմ անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմն ամբողջ ծավալով:

Այս համատեքստում ողջունում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իմ գործընկերների` մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպելու նախաձեռնությունը:

Ինձ ուրախացնում է երկու նախագահների ստանձնած հանձնառությունը` հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև հունիսին բանակցությունների նոր փուլ ունենալու իրենց պատրաստակամությունը:

Գերմանիան` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, լի է վճռականությամբ օժանդակելու համանախագահների աշխատանքին: Մենք ակտիվորեն կաջակցենք հետաքննության մեխանիզմների ներդրման ջանքերին: Մենք նաև կաշխատենք իմ անձնական ներկայացուցչի, դեսպան Անջեյ Կասպշիկի թիմի ընդլայնման ուղղությամբ:

Ապրիլյան էսկալացիան բոլորիս հիշեցում էր, որ ներկա դրությամբ անհրաժեշտ են մշտական ջանքեր` փակուղուց դուրս գալու համար: Հրադադարի ռեժիմի ամրապնդումը հանդիսանում է առաջնահերթ հարց, ոչ պակաս կարևորություն ունի նաև համապարփակ կարգավորման բանակցությունների համար բարենպաստ պայմանների ստեղծումը»,- ասված է Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հայտարարության մեջ:

«Արմենպրես»

Այս խորագրի վերջին նյութերը