Կարծիք

16.10.2010 10:30


Անհրաժեշտ է աշխատավորական ինքնակազմակեր- պում ու պայքար մեր հայրենիքում

Անհրաժեշտ է աշխատավորական ինքնակազմակեր- պում ու պայքար մեր հայրենիքում

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով կազմակերպած հավաքի ժամանակ ելույթ ունեցավ Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան ոչ կառավարական կազմակերպության նախագահ Արփինե Գալֆայանը։

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

Նախքան աշխատավորների կազմակերպման մասին խոսելը, կցանկանայի ընթերցել համացանցի հանրագիտարաններից մեկում գրված աշխատանքի սահմանումը: Գիտակցված և հստակ արդյունքների հասնելու համար կազմակերպված աշխատանքը բնորոշ է մարդ արարածին: Աշխատանքը սահմանվում է որպես մտավոր կամ ֆիզիկական ճիգ, որը գործի է դրվում նպատակաուղղված կերպով որոշակի և հստակ արդյունք ունենալու համար, բավարարելու համար մարդ անհատի կարիքները և պահանջները:

Տիրող նոր-ազատական կապիտալիստական գաղափարախոսության տեսանկյունից աշխատանքը դիտվում է որպես առք ու վաճառք, առևտրային մի հարաբերություն, որտեղ աշխատավորը վաճառում է իր ժամանակի, ֆիզիկական և մտավոր կարողությունների պաշարի մի մասը' դիմացը ստանալով որոշակի դրամ: Նման հարաբերություններում բաց են մնում մի քանի կարևոր հարցեր' աշխատանքի միջոցով ստեղծագործելու և որպես մարդ-անհատ ինքնիրագործվելու հարցը, վարձատրության և կատարված աշխատանքի համարժեք լինելու հարցը, և վերջապես աշխատանքի արդյունքում ստեղծված հավելյալ արդյունքի բաշխման հարցը ' արդյոք դրանից պիտի օգտվի միայն գործատո՞ւն, թե՞ նաև աշխատավորը:

Հայաստանում աշխատանքը գնահատվում է հենց այս' առուվաճառքի դիտանկյունից: Որպես հետևանք' աշխատանքը վերածվել է բեռի և... ստրկության: Մեր երկրում տիրող սոցիալ-տնտեսական համակարգը անարդար է ու ճորտատիրություն է հիշեցնում: Նման պայմաններում զարմանալի չէ, որ գրեթե բոլոր ոլորտներում աշխատավորներին շահագործում են, ճնշում, փորձում են պահել հսկողության տակ և մշտական վախի մթնոլորտում: Աշխատատեղերը եթե կան էլ, ապա ճնշող մեծամասնությամբ կարճաժամկետ ու խոցելի են. օրինակ, եթե անգամ աշխատողի հետ գրավոր պայմանագիր է կնքված, այն մեկ տարի ժամկետով է: Այնպես որ աշխատողն իր օրվա վաստակից չզրկվելու համար շատ դեպքերում գերադասում է հնազանդվել ամենից վատ պայմաններին, նվաստացումներին, քանի որ գիտե, որ բողոքի որևէ փորձի դեպքում կարող է հեշտությամբ կորցնել աշխատանքը' հայտնի է, որ տասնյակ ուրիշները ուրախ կլինեն զբաղեցնել իր տեղը:

Հայաստանում պաշտոնական վիճակագրության համաձայն (Ազգային վիճակագրական ծառայություն, 2008թ. տվյալներ) պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 75,000 մարդ է' 3,4%, չնայած խիստ կասկածելի է, որ այս թիվը վճարովի աշխատանքից զուրկ բնակչության ճշգրիտ պատկերն է ներկայացնում: Ամեն դեպքում, ցավոք, այլընտրանքային հետազոտություններ չկան: Նույն տվյալների համաձայն ՀՀ-ում աշխատավորների ընդհանուր թիվը 1 մլն 118 հազար է, որոնցից կեսից քիչ պակասը' 494 հազարը զբաղված են գյուղատնտեսության ոլորտում, իսկ 624 հազարը ոչ գյուղատնտեսական աշխատատեղերում' գերազանցապես կրթություն, առևտուր, տրանսպորտ, շինարարություն, մշակվող արդյունաբերություն և այլն։  Անցյալ տարի «Տեսակետ-ՄԻԺԻ»-ի (ՄԻԺԻ-ի պաշտոնական հանդես, www.idhr.am) համար մենք հանրային կարծիքի մի հարցում անցկացրեցրինք, որի արդյունքում հարցվածների 74%-ը նշեց, որ բախվել է շահագործման հետ, այդ թվում' անարդար հատուցում աշխատանքի դիմաց: Հետաքրքիր է նաև, որ հարցվողների միայն 4%-ը նշեց, որ աշխատանքային իրավունքի խնդիր ունենալու դեպքում դիմել է կամ կդիմի արհմիությանը: Մեծ մասը գերադասում են ընդհանրապես ոչ ոքի չդիմել' կա՛մ հարմարվել, կա՛մ դուրս գալ աշխատանքից, իսկ մի չնչին տոկոսն էլ խնդիրների դեպքում դիմել է կամ կդիմի հիմնարկության ղեկավարությանը:

Աշխատավորների վիճակի փոփոխության հասնելը շատ դժվար է, եթե ընդհանրապես հնարավոր է, առանց հզոր միությունների: Այսօր համաշխարհային կապիտալիզմի և նոր ազատական տնտեսությունների պայմաններում նույնիսկ արհմիութենական հզոր ավանդույթներ ունեցող Արևմուտքի աշխատավորներն են մեծ դժվարություններ ապրում: Տարբեր երկրների աշխատավոր դասակարգերն ու արհմիությունները, անգամ միևնույն կորպորացիայի շրջանակներում գործողները, ստիպված են պայքարել ոչ թե իրենց շահագործող գործատուների, այլ միմյանց դեմ, որպեսզի պահպանեն աշխատատեղերն ու աշխատավարձերը, իսկ մեծ ընկերությունների հիմնական զենքն այն է, որ սպառնում են արտադրություններն ավելի էժան աշխատուժի երկրներ տեղափոխել կամ կրճատումներ անել: Պայքարի դասական միջոցները սպառելով' որոշ պետությունների աշխատավորներ դիմում են օրինախախտ միջոցների, ինչպես օրինակ Ֆրանսիայում 2008-2009-ին «տնօրենների առևանգումները», երբ աշխատավորներն ուղղակի շրջափակում էին տնօրենի սենյակը և ժամերով թույլ չէին տալիս վերջինիս դուրս գալ, մինչև չհամաձայնվի պահպանել բոլոր աշխատատեղերը: Միևնույն ժամանակ, աշխարհի մյուս կողմում' Վենեսուելայում, աննախադեպ զարգացումներ են տեղի ունենում ի պաշտպանություն աշխատավորների որոնք կազմակեպվում են և «գրավում են» լքված գործարանները, այնուհետև հավասարության ու ժողովրդավարական սկզբունքներով կազմակերպում են իրենց աշխատանքը և հավասար բաշխում եկամուտները, կարևոր ռազմավարական որոշումներն ընդունվում են համընդհանուր քննարկումների արդյունքում, իսկ տնօրինությունն իրենից ներկայացնում է ռոտացիայով փոխանցվող և զուտ տեխնիկական պարտավորություններ ենթադրող գործառույթ: Փաստորեն, իրականում տնօրինությունը հենց աշխատավորների միության ձեռքին է:

Իսկ ի՞նչ ունենք Հայաստանում: Այստեղ աշխատավորական միությունները, եթե անգամ գոյություն էլ ունեն, հիմնականում ձևական են, ազդված են նախկին խորհրդային և ներկա քրեական համակարգից: Դրանք վերևից կազմավորված միություններ են, որտեղ որոշումների կայացման համակարգում աշխատավորներն ազդեցություն չունեն. արհմիություններն ավելի շատ բյուրոկրատական մարմիններ են, քան աշխատավորների իրավունքները պաշտպանող միություններ: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք։ Կայացվում են շատ կարևոր որոշումներ, որոնք անմիջականորեն ազդելու են յուրաքանչյուրիս կյանքի վրա, իսկ մենք դրանց վրա ազդելու որևէ գործուն մեխանիզմ չունենք: Օրինակ, ընդամենը մի քանի շաբաթ առաջ փոխվեց ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, ընդ որում փոխվեց դեպի վատը և խիստ հետընթաց մի քայլ էր, ու էլ ավելի մեծ հնարավորություններ է տալիս գործատերերին' իրենց աշխատողներին անպատիժ շահագործելու համար:  Բայց այս փոփոխությունը չհանդիպեց առանձնապես կազմակերպված դիմադրության' ոչ քաղաքական կուսակցությունների, ոչ հասարակական կառույցների կողմից և առավել ևս ոչ էլ «արհմիությունների» կողմից:

Որո՞նք են Հայաստանում գործուն և հզոր արհմիություններ կազմավորելու մարտահրավերները:

Կարծում եմ, առաջին մարտահրավերն ընկած է արժեքային մակարդակում: Ցավոք, մարդիկ ընդհանրապես չեն վստահում միմյանց և չունեն ընդհանուր շահերի գիտակցություն: Կարելի է ասել, նույնիսկ անձնական շահի գիտակցությունն է աղճատված, քանի որ, օրինակ, ամսեկան 70.000 դրամի դիմաց, կյանքի ու առողջության համար վտանգավոր միջավայրում աշխատելը նույնիսկ մարդու անձնական շահից էլ չի բխում: Ցավալի իրականությունն այն է, որ Հայաստանում հարաբերությունները մեծ մասամբ հիմնված են ոչ թե համերաշխության, վստահության, փոխօգնության, այլ խաբելու և ճնշելու վրա, ոչ թե հավաքական շահի, այլ անձնական կամ «խմբային» շահն առաջ տանելու վրա: Բացի այդ, չկա կազմակերպված պայքարի ո՛չ փորձառություն, ո՛չ էլ կամեցողություն:

Քանի դեռ աշխատավորների մեջ ձևավորված չէ սեփական իրավունքի և ընդհանուր շահի գիտակցությունը և կազմակերպվելու անհրաժեշտությունը, որևէ արտաքին օգնություն չի կարող վիճակ փոխել: Ուստի մենք չպիտի փորձենք խնամակալ դառնալ։ Դա կնշանակի փոխել մի տիրոջը մյուսով, գուցե ճորտատիրոջը' խնամակալով, բայց երբեք ինքնուրույն չդառնալ։ Աշխատավորների ինքնակազմակերպումը, անշուշտ կարևորագույն նախապայմաններից մեկն է արդար հասարակություն կառուցելու համար, և դրա համար առաջարկում եմ հետևյալ գործողությունները.

  1. Այսօր եթե կա անգամ մեկ մարդ կամ մի խումբ մարդիկ, որոնք պատրաստակամություն, գիտակցություն և կամք ունեն աշխատավորական պայքարի' հենց իրենց աշխատատեղերում, ապա առանց վարանելու պետք է աջակցել նման մարդկանց, օգնել, որպեսզի մեկ հոգու կամ մեկ խմբի պայքարը նախադեպ դառնա, ոգեշնչի ու վստահություն հաղորդի նաև ուրիշներին, և որպեսզի հնարավորինս լայն տեղեկատվություն տարածվի դրա մասին:  Ես վստահ եմ, որ մի քանի հաջողված նախադեպերը կարող են տրամադրություն փոխել:
  2. Անհրաժեշտ է հստակեցնել պետության կանոնավորող դերը աշխատանքային հարաբերություններում, ինչը ենթադրում է ամբողջ աշխատանքային օրենսդրության վերանայում այն տեսանկյունից, թե ինչպես զորացնել աշխատավորին, որպեսզի նա հնարավորություն ունենա արդյունավետ պայքարելու իր իրավունքների համար: Կարևոր է նաև, որ օրենսդրությունն ամրագրի հավելյալ արդյունքի արդար բաշխումը:
  3. Կարևոր է նաև կրթական գործընթացը, քանի որ կրթությամբ է կարելի պատրաստել իր արժանապատվությանը տեր կանգնող, իր ու այլոց իրավունքներին գիտակից մարդ-անհատ: Հակառակ դեպքում, եթե կրթական համակարգն այլասերված է, դա մարդուն դարձնում է ստրուկ, վարժեցնելով նրան հարմարվել ու ստորանալ փող ունեցողի առաջ:

Մենք գտնում ենք, որ մեր հայրենիքում անհրաժեշտ է աշխատավորական կազմակերպում ու հզոր պայքար ծավալել, որպեսզի հայ մարդը իր հայրենիքում իրեն արժանապատիվ և արժեքավոր զգա, չստրկանա և չարտագաղթի: Աշխատավորական պայքարը պետք է զուգորդել այլ ոլորտներում և մակարդակներում ինքնակազմակերպման և պահանջատիրական պայքարների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը