Քաղաքական

17.05.2016 09:10


Մինսկի խմբի հայտարարությունը Սարգսյան–Ալիև հանդիպումից հետո

Մինսկի խմբի հայտարարությունը Սարգսյան–Ալիև հանդիպումից հետո

Մայիսի 16-ին Վիեննայում Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո տարածած հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները վերահաստատել են՝ «հակամարտությունը չունի ռազմական լուծում»: Միջնորդները պնդել են 1994 և 1995 թվականների հրադադարի մասին համաձայնագրերի պահպանման կարևորությունը:

Ամերիկացի, ֆրանսիացի և ռուսաստանցի նախարարները մայիսի 16-ին ուշ երեկոյան տարածած հայտարարությունում, ամփոփելով հանդիպումը, նշում են.

«Նախագահները վերահաստատել են հրադադարի պահպանման և հակամարտության խաղաղ կարգավորման իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են հնարավորինս սեղմ ժամկետում վերջնականացնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմը»:

Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը նաև համաձայնության են եկել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի գործունեությունը զգալիորեն ընդլայնելու շուրջ և պայմանավորվել են շարունակել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորած անձանց մասին տվյալների փոխանակումը:

«Նախագահները համաձայնեցին հաջորդ հանդիպման մասին, որն անցկացվելու է հունիսին` կողմերի համաձայնությամբ ընտրված վայրում` նպատակ ունենալով վերսկսել բանակցությունները հակամարտության համակողմանի կարգավորման շուրջ», - իրենց հայտարարությունը եզրափակում են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախարարները:

«Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը