Լրահոս

05.12.2009 20:01


Հոգեբան. «Ֆինանսատնտեսական ճգնաժամը կարող է դրական ֆոն ստեղծել աղանդների տարածման համար»

Հոգեբան. «Ֆինանսատնտեսական ճգնաժամը կարող է դրական ֆոն ստեղծել աղանդների տարածման համար»

Այսօր «Հայելի» ակումբում հոգեբան Կարինե Նալչաջյանն ասել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը կարող է դրական ֆոն ստեղծել աղանդների տարածման համար, քանի որ աղանդին անհրաժեշտ թիվ մեկ գործոնը ճգնաժամն է։

-Տնտեսական ճգնաժամն անպայման ածանցված է մարդկանց հոգեբանական ընկճվածության, անելանելի իրավիճակի մեջ գտնվելու ինքազգացողության հետ,- ասել է հոգեբանը։

Աղանդներն էլ կարող են ոչ միայն կրոնական, այլ նաև քաղաքական խմբավորումներ լինել։ Մասնավորապես, ըստ Կ. Նալչաջյանի, «գունավոր» հեղափոխություններում հենց կրոնական աղանդավորության մեթոդներն են կիրառվում։

Բժիշկ-հոգեբան Արմեն Ներսիսյանի խոսքերով էլ՝ աղանդավորը հոգեկան խանգարումների հակված անձնավորություն է. աղանդավորությունը կարող է հոգեկան հետևյալ խանգարումներն առաջացնել.

1.   Մարդու մոտ առաջանում են վարքագծային խանգարումներ. ընտանիքի անդամների , հարազատների նկատմամբ աղանդավորը դառնում է անտարբեր, ագրեսիվ վարք է ցուցաբերում, թերանում է ուսուցման մեջ, տասանորդ մուծելու համար սկսում է դրամ հավաքել, ինչը բժիշկ հոգեբանի խոսքերով՝ աստվածապաշտության քողի ներքո կատարվող բիզնես է։

2.   Առաջանում են ատիպիկ դիսոցատիվ խանգարումներ, երբ աղանդավորն ընկնում է տրանսային վիճակի մեջ, ցնորքներ, խաբկանքներ, ձայներ է լսում, Աստծուն տեսնում։

3.     Անձի փոփոխություն է տեղի ունենում՝ մարդու մոտ խաբվածություն, կախվածություն, վախ և սեփական կամքի ու աղանդի հանդեպ քննադատության կորուստ է առաջանում։

-Նրանք կամք չունեն, նրանք կամակատար են, նրանք ինքնուրույն չեն կարողանում ապրել և որոշում կայացնել, նրանք անպայման պիտի առաջնորդի ասածով ապրեն, նրանք վախ ունեն, որ անջատվեն այդ աղանդից, որովհետև այդ ամբողջ վախը նրանց մոտ ներշնչված է՝ կմնաս մենա՛կ, կստանաս պատիժնե՛ր, Աստված քեզ կպատժի՛,- նշել է Ա. Ներսիսյանը՝ ավելացնելով, սակայն, որ անհետևանք չի մնում նաև աղանդից դուրս գալու փորձը կամ դուրս գալը։ Մասնավորապես, տեղի են ունենում հոգեմարմնական խանգարումներ, ինչն արտահայտվում է հանկարծամահությամբ, ինֆարկտով կամ խոցով (այստեղ կրկին ներգործում են վախը և ենթադրվելիք սպառնալիքները), hետտրավմատիկ սթրեսային խանգարման արդյունքում էլ մարդն ինքնուրույն ոչինչ չի կարողանում անել, դառնում է շատ ագրեսիվ, անաշխատունակ և այլն։

Իսկ կապվածության նման սինդրոմը, բժիշկ-հոգեբանի խոսքերով, կարող է ավարտվել կա՛մ պսիխոզներով, կա՛մ ինքնասպանությամբ։

Նման հետևանքներից խուսափելու համար Հայաստանում գործում են վերականգնողական կենտրոններ, սակայն թե՛ Կ. Նալչաջյանի, և թե՛ Ա. Ներսիսյանի խոսքերով, աղանդավորության դեմ պայքարը միայն պետության կամ եկեղեցու խնդիրը չէ. պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել և համակարգված պայքարել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը