Մեկնաբանություն

13.05.2016 16:40


Խորհրդավոր լռություն և «խորհրդավոր» անտեղյակություն

Խորհրդավոր լռություն և «խորհրդավոր» անտեղյակություն

Մեզ հստակ տեղեկատվություն չեն տալիս այն մասին, թե չորսօրյա պատերազմի ժամանակ քանի սանտիմետր, քանի մետր, քանի կիլոմետր տարածք ենք կորցրել կամ նահանջել դիրքերից: Պաշտոնապես հայտարարվեց, որ խոսքը մի 200–300 մետրի մասին է, բայց թե ինչքան է իրականում, հայտնի չէ։

Չե՛ն հրապարակում այդ տեղակատվությունը, ինչը մարդկանց ստիպում է դիմել սեփական թվաբանական իմացությանը: Բայց որ մենք ռազմավարական նշանակության դիրքեր ենք կորցրել, ինչի ապացույցը անմարդաբնակ Թալիշն է, փաստ է:

Ինձ ապշեցնում է իշխանության աչքփակոցին այդ փաստի վրա, ինչը եւս բացատրելի է: Հո չե՞ն ասելու, որ մեր իշխանության ժամանակ տարածքային կորուստ ենք արձանագրել: Եթե դա չե՛ն խոստովանում, նշանակում է՝ մինչապրիլմեկյան ստատուս-քվոն վերականգնելու ցանկություն չունեն: Հետեւաբար, անմտություն է հայտարարել, թե «մենք հաղթել ենք»: Դա նման է հայաթում չլիկ-դաստա խաղացողի ծիծաղելի սնապարծությանը, որը մտնում է իրենց տուն ու տնեցիներին ասում՝ «հաղթեցի»: Սակայն իրականությունն այն է, որ այսօր Թալիշը դատարկված է (այլ հատվածների մասին չենք խոսում դեռեւս):

Աստված չարասցե, որ այդպես զիջելով հասնենք Երեւան: Միասնական աղոթքով ու ծոմ պահելով իշխանությունը կարող է զբաղվել խաղաղության ժամանակ՝ հույսը դնելով այն բանի վրա, որ 80-ականների զենքով ու հայ զինվորի ոգով կարող է պահել ճակատը: Այդպես էլ արել է անցած 8 տարիների ընթացքում:

Սակայն իրողությունը մեկն է՝ չորսօրյա պատերազմում մենք անգին կյանքերի կորուստ ու հաշմված վիրավորների մեծ քանակ ունենք, նաեւ՝ դիրքերի կորուստ:

Եվ ամենասարսափելին այն է, որ այս ամենի համար ոչ մի պատասխանատու չկա: Չի հայտնվում: Մի քանի գեներալի են պաշտոնից հանում ու մեկ էլ՝ ՊՆ գարաժի վարիչին: Երեւի, գարաժում մարտական ոգին այն չի եղել:

Հա, մեկ էլ Շավարշին են «դեմ տալիս», թե գնա ասա, որ զինադադարից հետո 22 տարի Ադրբեջանը բանակցությունների քողի տակ սպառազինվել է: Ծը, ծը, ծը...Էս ինչ նամարդություն է: Ու ոչ մեկը էսքան տարի չի զանգել ու Սերժ Սարգսյանին չի ասել, որ Ադրբեջանը սպառազինվում է:

Ինչ խոսք, նման անլրջություն կարելի է սպասել միայն «Վերջի բոլշեւիկից»: Մեկից, ում վաղուց պետք է «դասավորած» լինեինք պատմության փոշոտ դարակներում:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը