Քաղաքական

12.05.2016 15:35


Տավուշեցիները մեծ հույսեր են կապում Արա Աբրահամյանի հետ

Տավուշեցիները մեծ հույսեր են կապում Արա Աբրահամյանի հետ

-Մենք ողջունում ենք «Ազգային միասնություն» շարժման այս նախաձեռնությունը: Շատ կարևորում ենք և հույս ունենք, որ Արա Աբրահամյանի նախաձեռնած ծրագրի արդյունքում համապատասխան ներդրումներ կարվեն Տավուշի մարզում: Պարոն Աբրահամյանի այս նախաձեռնությունը փրկության պես մի բան կլինի:

Այս մասին, «Vesti.am»–ի փոխանցմամբ, մայիսի 11-ին «Ազգային միասնություն» շարժմանՏավուշի մարզային կառույցի ժողովի ժամանակ ասել է տավուշցի Դավիթ Սահակյանը, ով լիահույս է, որ Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-8-ը Երևանում կայանալիք միջազգային խոշոր բիզնես ֆորումը արդյունավետ կլինի իր մարզի և ամբողջ Հայաստանի համար:

«Ազգային միասնություն» շարժումը Հայաստանի երեք մարզերում՝ Շիրակում, Վայոց Ձորում,Կոտայքում, արդեն անկացրել է տեղական կառույցների խորհրդի նիստեր և ժողովներ: Այս անգամ հերթը Տավուշինն էր: Մայիսի 11-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանն անցկացրել է մարզային կառույցի խորհրդի առաջին նիստը և ընդլայնված ժողովը:

Ինչպես նախորդ մարզերում, այնպես էլ Տավուշում Ա.Սարգսյանը ժողովի մասնակիցներին է ներկայացրել «Ազգային միասնություն» շարժման առաջիկա ծրագրերը: Նա նշել է, որ բիզնես ֆորումը կարևոր միջոցառում է, որն իրենից ենթադրում է լուրջ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություն:

-Մեր խնդիրը հետևյալն է՝ փորձել ներդրումային գումարներն ավելացնել Հայաստանի տարբեր վայրերում: Այդ պատճառով բոլոր մարզերում, որտեղ մենք հանդիպումներ ենք ունենում, մարդկանց առաջարկում ենք գեղեցիկ ձևով ձևակերպված ներկայացնել իրենց ծրագրերը, և մենք կփորձենք դրանց ծանոթացնել Հայաստան ժամանող գործարար մարդկանց: Ծրագիր կարող են ներկայացնել նաև նրանք, ովքեր արդեն սկսել են գործը, բայց չունեն վերջնական արտադրություն և կարիք ունեն համապատասխան ներդրումների: Մեր պատկերացմամբ՝ այդ բիզնես ֆորումին առնվազն ներկա է լինելու 300-500 մարդ:

Ա.Սարգսյանն ասել է, որ իրենք արդեն հանդիպումներ են ունեցել ՀՀ-ում 12 դեսպանությունների ներկայացուցիչների հետ, և նրա խոսքով՝ չկա մի դեսպանություն, որը հետաքրքրություն չցուցաբերի այս բիզնես ֆորումի և ծրագրերի նկատմամբ:

-Առավել պատկերավոր ասած՝ որոշ դեսպանություններում մեզ պարզ հայտնել են՝ մենք ունենք մարդիկ, որոնք գումարը ձեռքներին ման են գալիս, չգիտեն՝ որտեղ ներդրում անեն, եթե դուք մեզ տաք այդպիսի ծրագրեր, մենք դա պատրաստ ենք առաջարկել նրանց:

Ա. Սարգսյանի ելույթից հետո բավական հետաքրքիր քննարկում է ծավալվել: Ժողովի մասնակիցները տարբեր բնույթի նախագծեր են առաջարկել: Նրանցից մեկը նշել է, որ բանկից վարկ է վերցրել հատապտուղների պահածոյացման արտադրություն սկսելու համար, բայց գումարը չի բավականացրել, որպեսզի վերջնական արտադրություն ստանա: Գործարանն այժմ կիսով չափ է պատրաստ և անհրաժեշտ է որոշակի ներդրում:

Մյուսն առաջարկում էր գյուղատնտեսությունը կարկտահարումներից զերծ պահելու համար Հայաստանում հակակարկտային ցանցեր արտադրել: Մեկ ուրիշն իր տնական գինեգործության ընդլայնման առաջարկն է արել, ժողովի մեկ այլ մասնակից ցանկություն է հայտնել իրենց քաղաքում Խորհրդային Միության ժամանակ գործող հակահրդեհային մոտոպոմպերի գործարանը վերագործարկել: Նրանք բոլորը հիմնականում բախվում են բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքների, ապրանքի իրացման և ծրագրերի նկատմամբ մարզում տիրող անտարբերության խնդիրներին:

Այս բոլոր նախագծերը Տավուշի մարզային կառույցի միջոցով կներկայացվեն «Ազգային միասնություն» շարժման կենտրոնական գրասենյակ:

Արամ Սարգսյանը հայտարարել է՝ եթե «Ազգային միասնություն» շարժման ծրագիրը ժողովրդի կողմից ընդունվի, ապա իրենք մինչև վերջ կգնան դրա իրականացմանը հասնելու համար: Նա չի բացառել, որ այս դեպքում «Ազգային միասնությունը» կարող է նաև մտնել քաղաքականություն:

Ժողովի մասնակիցներից Ռուբեն Սիմոնյանն էլ կարծիք է հայտնել, որ այս նախաձեռնությունը կկարողանա դրական փոփոխություն կատարել.

-Արա Աբրահամյանի նախաձեռնությունը գուցե ճեղք բացի, որ մենք կարողանանք նոր ուղով գնալ, և հայ ժողովուրդը կարողանա դուրս գալ այս վիճակից: Մեզ նոր մարդիկ են պետք, ազնիվ ու հայրենասեր,- ասել է նա:

Աղբյուրը՝ «Vesti.am»

Այս խորագրի վերջին նյութերը