Լրահոս

15.10.2010 17:17


Երևանում կանցկացվի Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության Ապագայի» ֆորումը

«Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումը Եվրոպայի Խորհրդի ամենամյա խոշոր միջոցառումներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռում քննարկումներ անցկացնել եւ տեսակետներ փոխանակել հիմնարար ազատությունների եւ իրավունքների, քաղաքացիական մասնակցության եւ ժողովրդավարության հետ կապված հարցերի վերաբերյալ:

Ֆորումը ստեղծվել է Եվրոպայի Խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 3-րդ գագաթնաժողովի ընթացքում: Այն գումարվում է 2005 թվականից եւ համարվում ԵԽ, այսպես կոչված, քառյակի' Նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի, Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի, Ոչ կառավարական կազմակերպությունների միջազգային համաժողովի համատեղ միջոցառումը:

Ֆորումի նիստերն անցկացվել են Վարշավայում, Մոսկվայում, Ստոկհոլմում, Մադրիդում եւ Կիեւում:

2010թ. հոկտեմբերի 19-21-ը ֆորումը հյուրընկալելու է Հայաստանը: Երեւանյան ֆորումը քննելու է ժողովրդավարական կառավարման սկզբունքները, դրանց կիրառումը եւ ազդեցությունը Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրներում ժամանակակից հասարակական-քաղաքական մարտահրավերներին դիմագրավելու առանցքում: Ուսումնասիրության առարկա են հանդիսանալու այս ասպարեզներում արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները, վեր են հանվելու դրանց պատճառները, քննարկվելու են խնդիրների լուծման հնարավոր ուղիները:

Հիմնվելով նախորդ հինգ տարիների փորձի վրա' երեւանյան ֆորումի նպատակներից է լինելու քննել արդյունավետ ժողովրդավարական կառավարման մեխանիզմները' հաշվի առնելով ժողովրդավարության զարգացման հնարավոր հեռանկարները մինչեւ 2020թ. եւ ԵԽ-ում իրականացվող բարեփոխումները:

Այս խորագրի վերջին նյութերը