Աշխարհ

11.05.2016 12:09


Եվրոպական խորհրդարանը դադարեցրել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման գործընթացը

Եվրոպական խորհրդարանը դադարեցրել է Թուրքիայի հետ վիզային ռեժիմի վերացման գործընթացը

Եվրոպական խորհրդարանի խմբերի ղեկավարները Նախագահների համաժողովում դադարեցրել են այս գծով աշխատանքները մայիսի 4-ին, սակայն որոշ պատգամավորներ, խմբերի համակարգողներն այս մասին իմացել են միայն մայիսի 9-ին։ Այս մասին գրում է «artsakhpress.am»–ը՝ «Euobserver»-ին հղումով։

«Պատգամավորները որոշել են դադարեցնել այն ամբողջությամբ»,-այս մասին կայքին ասել է գերմանացի պատգամավոր Բիրջիտ Շիպելը։

Հոլանդացի պատգամավոր Ջուդիթ Սարգենտինին էլ ասել է, որ Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դադարեցրել է այս գործընթացը, քանի որ Թուրքիան չի իրականացրել վիզաների վերացման համար անհրաժեշտ պայմանները։ Շուլցն ասել է, որ Թուրքիայի համար վիզաների վերացման փասթաղթղթերի մշակումը կսկսվի միայն այն ժամանակ, երբ Թուրքիան իրականացնի անհրաժեշտ բոլոր 72 չափանիշները։

Մեկ այլ պատգամավոր էլ նշել է, որ խորհրդարանի այս որոշումը կստիպի ԵՄ հանձնաժողովին առաջին հերթին լուծել բոլոր ակնառու խնդիրները, ապա նոր փաստաթուղթն ուղարկել խորհրդարան։

«Այժմ արդեն գնդակը վերադարձվել է ԵՄ հանձնաժողովին»,-ասել է պատգամավորը, ով չի ցանկացել ներկայանալ։

Բիրջիտ Շիպելը նաև ասել է, որ Թուրքիայի համար վիզային ռեժիմի վերացման վերջնաժամկետ սահմանված հուլիսը քիչ հավանական է, որ կիրականանա։

Հիշեցնենք, որ ԵՄ հանձնաժողովը նախորդ շաբաթ հրապարակված Թուրքիայի առաջընթացի գնահատականում նշել էր, որ 72 անհրաժեշտ քայլերից 5-ը դեռ չեն կատարվել, որոնցից է հատկապես հակաահաբեկչական օրենքի փոփոխությունը, որը շատ լայն սահմանում ունի ու հաճախ կիրառվում է նաև լրագրողների և ակադեմիկոսների նկատմամբ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ի պատասխան, հայտարարեց, որ չի պատրաստվում փոխել օրենքը։

Թուրքիան նաև Եվրամիությանը սպառնում է մինչև հուլիս վիզային արտոնություններ չսահմանելու դեպքում դադարեցնել Հունաստանից փախստականների հետ ընդունումը։

«artsakhpress.am»

Այս խորագրի վերջին նյութերը