Կարծիք

10.05.2016 22:05


Հարկային տեսուչի օրինազանցությունները՝ որպես անպատժելիության հետևանք

Հարկային տեսուչի օրինազանցությունները՝ որպես անպատժելիության հետևանք

Գորիսի հարկային տեսչության տեսուչ Վաչե Թանգյանը Սիսիանում բազմիցս է աչքի ընկել իր բիզնես «քաջագործություններով»: Խոսքն ամենևին էլ նրա ծավալած բիզնեսներին և այդ բիզնեսների «զարգացման» ուղիներին չի վերաբերում: Խոսքը նույնիսկ նրան էլ չի վերաբերում, որ Վաչեն անսպասելի հյուր է մտնում Սիսիանի հաց վաճառող խանութներ և սպառնում, որ եթե իր փռի հացը չվաճառեն, ապա կպատժվեն և միաժամանակ հիշեցնում պատժիչ գործիքների՝ հսկիչ դրամարկղային մեքենայի և չձևակերպված աշխատողի տուգանքների մասին՝ մոռանալով, որ այդ գործիքները պետությունը տվել է ոչ թե իր հացը վաճառել չցանկացողներին պատժելու, այլ՝ կարգազանց հարկատուներին պատժելու համար:

Ովքեր Վաչեի փռի հացը չեն ցանկանում վաճառել կամ խնդրում են գոնե միաժամանակ այլ փռերի հաց վաճառել, Վաչեն դրանց դասակարգում է կարգազանց հարկատուների շարքում և դիմում պատժիչ գործողությունների: Նման մեթոդով այս «անվախ» չինովնիկն իր՝ ք.Սիսիան, Լալայան 2 հասցեում գտնվող փուռը հասցրել է, ինչպես սիսիանցիներն են ասում, «Հզոր փուռ» կարգավիճակի: Զարմանալի է, սակայն այդքան էլ այս թեմայի քննարկման առարկան չէ: Իրականում թեման ավելի ցավալի է:

«Lurer.com»-ին հայտնի է դարձել մի ուշագրավ դեպք, որը ներկայացնում ենք ստորև:

2015 թվականի սեպտեմբերի 9-ի վաղ առավոտյան Երևանից մի խումբ ստուգողներ ժամանում են Սիսիան և այցելում Վաչեի «Հզոր փուռը», որտեղ, ինչպես ամեն օր առավոտյան, աշխատանքներ էին ընթանում: Ստուգողների այցը, բնականաբար, պատահական չէր, և ինչպես Վաչեն էր հետագայում արտահայտվում. «Տեսնես ո՞ր կլաուզնիկ սիսիանցին է խաբար տվել»: Ստուգողներն սկզբից հաց են առնում, և պարզվում է՝ հսկիչ դրամարկղային մեքենա ընդհանրապես չի տեղադրվել: Այնուհետ ստուգման արդյունքում պարզվում է նաև, որ փուռն աշխատում է առանց պետական գրանցման, իսկ աշխատողներն էլ օրենքով սահմանված կարգով չեն գրանցվել: Որոշ ժամանակ անց ներկայանում է Վաչե Թանգյանը և ասում, որ ինքը հարկայինի Վաչեն է և պրոբլեմ չունի, սակայն հասկանալով, որ ստուգողները կոշտ են տրամադրված, վերջինս ասում է, որ դա իր կնոջ փուռն է, ուղղակի գործունեության հայտարարություն մոռացել է տալ և աշխատողներին չի գրանցել:

Ինչևէ, Վաչե Թանգյանի կնոջ՝ Նելլի Բաղդասարյանի անունով ԱՁ կար, որի անունով էլ ստուգողները ձևակերպում են 5 աշխատողներին չգրանցելու և առանց հսկիչ դրամարկղային մեքենայի առևտուր անելու խախտումները և արդյունքում կազմվում է մոտ 1.000.000 դրամի տուգանք (տուգանքի մոտավոր չափը նշում ենք՝ հաշվի առնելով օրենքի պահանջները): Ի դեպ՝ փուռը գտնվում է Վաչե Թանգյանի տեսչական սպասարկման տարածքում:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տուգանքն առաջադրելուց հետո Վաչե Թանգյանը որոշ տեղեր հայտարարում է, որ եթե իր սպասարկվող տարածքում 5 աշխատող չգրանցելու և առանց ՀԴՄ-ի գործունեություն իրականացնելու համար հրաշքով ծառայողական քննություն չնշանակեն և ընդամենը տուգանքով սահմանափակվեն, ապա ինքը Սիսիանի ամենահաջողակ մարդն է: Վստահ ենք՝ «անվախ» չինովնիկը քաջ գիտակցում է ծառայողական քննության հետևանքները:

Եվ այսպես, դեպքից հետո անցնում է որոշ ժամանակ, և անհասկանալի պատճառներով ծառայողական քննություն չի նշանակվում: Իրականում մինչև այժմ էլ սիսիանցիների համար հանելուկ մնաց, ո՞վ էր այդ «հրաշագործը», որի շնորհիվ կամ միջնորդությամբ ծառայողական քննություն չնշանակվեց՝ ստուգող ստորաբաժանման ղեկավա՞րի, թե՞ տեսչության պետի, բայց մի բան պարզ էր բոլորին՝ Վաչեից պրծնելու միակ հույսը սիսիանցիների համար կորավ:

Եվ սա դեռ ամենը չէ: Համաձայն Վաչեի ինքնատիպ ինքնագովասանքի՝ պարզվում է՝ Նելլի Բաղդասարյան անհատ ձեռնարկատերը, որի անունով գրվել էր տուգանքը, մինչև այժմ տուգանքը չի վճարել և ինքը հարկային համակարգում համարվում է լուծարված: Հավանաբար, պլանավորել են սնանկ ճանաչել և խուսափել տուգանքը վճարելուց:

Մեկ հանգամանք ևս պարզ է. «անվախ» չինովնիկը չէր կարող այդքան «քաջագործություններ» անել առանց հովանավորության:

Հաշվի առնելով ՀՀ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանի կոշտ դիրքորոշումը նման չարաբաստիկ երևույթների նկատմամբ՝ ակնկալում ենք Վաչեի և վերոնշյալ «հրաշագործների» ու հովանավորների նկատմամբ խիստ պատժամիջոցների կիրառում, որի միակ նպատակը կլինի հետագա նմանատիպ օրինազանցությունների կանխումը:

Աղբյուրը՝ http://lurer.com/?p=222282&l=am

Այս խորագրի վերջին նյութերը