Աշխարհ

10.05.2016 15:50


Բաքվի կենտրոնում պղծվել է Հեյդար Ալիևի հուշարձանը (լուսանկար)

Բաքվի կենտրոնում պղծվել է Հեյդար Ալիևի հուշարձանը (լուսանկար)

Այն, որ Ադրբեջանի նախկին նախագահ և գործող նախագահի հայր Հեյդար Ալիևի` Բաքվի ամենակենտրոնում գտնվող հսկա հուշարձանը պղծվել է, հայտնի դարձավ այսօր վաղ առավոտյան, երբ սոցիալական ցանցերում այդ փաստը հաստատող լուսանկարներ հայտնվեցին:

«Ազատության» փոխանցմամբ՝ Բաքվի Սաբաիլի վարչական շրջանում` Կենտրոնական բանկի շենքից հաշվված մետրերի վրա գտնվող այգում տեղադրված հուշարձանի պատվանդանին անհայտ անձինք գիշերը սպիտակ ներկով ադրբեջաներեն և անգլերեն գրություններ էին թողել:

«Կեցցե ստրուկների տոնը», - ադրբեջաներեն գրված էր Ալիևի հուշարձանի պատվանդանին: «Կորչի համակարգը»` պայմանականորեն այսպես կարելի է թարգմանել հայհոյանք պարունակող անգլերեն գրառումը, որ հայտնվել է Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին դիմային հատվածում:

Դատելով այն հանգամանքից, որ Ալիևի հուշարձանի պատվանդանին, գրություններից բացի, նաև անարխիստների նշանն էր հայտնվել, կարելի է ենթադրել, որ ադրբեջանական իշխանությունները բախվել են Բաքվում գործող և վերջին շրջանում բավական ակտիվացած ձախակողմյան խմբավորումների գործունեությանը: Բացի այդ, հազիվ թե պատահական լինի այն իրողությունը, որ Հեյդար Ալիևի հուշարձանը պղծելու մասին առաջիններից մեկը տեղեկացրեց ադրբեջանցի ձախ ակտիվիստներին միավորող «Solfront»-ը` «Ձախ ճակատ» կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում: Ադրբեջանցի ձախերը, ի դեպ, Ալիևի պղծված արձանի լուսանկարը սոցիալական ցանցում ուղեկցել էին Իոսիֆ Բրոդսկու հայտնի բանաստեղծության տողերով՝ «Ազատություն է, երբ չգիտես բռնակալի հայրանունը»:

Մանրամասն՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը