Լրահոս

06.05.2016 17:31


Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել նաև Նախիջևանի սահմանին

Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել նաև Նախիջևանի սահմանին

Այս լուրն այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատել են Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները, ովքեր չորեքշաբթի օրը խորհրդարանում փակ հանդիպում են ունեցել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հաստատել է՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից բացի, Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել նաև Նախիջևանի սահմանին: Այս հարցը քննարկել են նաև Պաշտպանության նախարարի հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ, ընդգծել է Նահապետյանը:

-Այո, որոշակի ուղղություններով, այդ թվում նաև՝ ձեր նշած ուղղությամբ, նկատելի են հակառակորդի զինտեխնիկայի կուտակումներ: Բայց իրավիճակը վերահսկելի է: Ե՛վ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, և՛ Զինված ուժերի գլխավոր շտաբն ամբողջապես տիրապետում են իրավիճակին, մեր զորախմբերը, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են՝ դիմագրավել ցանկացած հարձակում: Եվ այդ առումով, ուզում եմ վստահեցնել հանրությանը, որ մեր Զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է, և բոլոր այն նոր մարտահրավերները և սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ կոնկրետ ձեր նշած ուղղությամբ, այդ կապակցությամբ, ուղղակի պետք է հանգիստ լինենք, որովհետև իրապես մենք վերահսկում ենք համապատասխան տարածքը,– հավաստիացրել է Կորյուն Նահապետյանը:

Ազգային ժողովի Պաշտպանության հանձնաժողովի անդամները չեն բացառում, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել:

-Փորձագետները հիմնականում հավանականությունը շատ բարձր են համարում, որ կարող են լինել նոր ռազմական գործողություններ: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք,– ասել է Նահապետյանը:

Ի դեպ, մայիսի 8-ից և 9-ից առաջ ադրբեջանական զինուժի կողմից ծրագրվող հարձակման մասին տեղեկություններին այսօր անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է՝ «Հայերն ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե պետք է սպասեն օկուպացված տարածքների ազատագրմանը և երկրի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը Ադրբեջանի զինված ուժերի կողմից»:

Սա Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական ռազմատենչ հայտարարությունն է:

Նյութն ամբողջությամբ՝ «Ազատությունում»

Այս խորագրի վերջին նյութերը