Կարծիք

06.05.2016 16:35


Սերժ Սարգսյանի հեռանալու վերջնաժամկետը

Սերժ Սարգսյանի հեռանալու վերջնաժամկետը

Որ երկրում ներքին արմատական փոփոխություններ են պետք, կարծես ոչ ոք չի վիճում: Այս հարցում առարկություններ չունեն անգամ իշխանության շատ ու շատ ներկայացուցիչներ: Երկրում փաստացի անիշխանություն է, Սերժ Սարգսյանն այլևս չի տիրապետում նոր իրավիճակին, որը ստեղծվել է չորսօրյա պատերազմից հետո, իսկ հին իրավիճակը, որին տիրապետում էր ՀՀԿ առաջնորդը, այլևս չկա: Իշխանությունն ամենաբարձր մակարդակով պարզապես ադեկվատ չէ իրավիճակին ու խնդիրներին: Արցախի անկախության ճանաչման հետ կապված խառնաշփոթը դրա վկայություններից մեկն է:

Ներկայում բեկումնային հանգրվանում ենք, որտեղ պետք է ընտրենք՝ շարունակում ենք նույն ոճով ու բովանդակությա՞մբ՝ տանուլ տալով երկիրը, թե՞ հայտ ենք ներկայացնում ունենալու բոլորովին այլ երկիր՝ արմատապես տարբերվող իշխանությամբ ու կառավարման մեթոդներով: Հասարակության ստվար ու գիտակից հատվածը հիանալի հասկանում է, որ անհրաժեշտ է անհապաղ արմատական փոփոխությունների գործընթաց սկսել, որի առանցքային կետերից է Սերժ Սարգսյանի հեռացումը: Այլ հարց է, որ դաշտում գործող քաղաքական ուժերի ստվար հատվածը, որոնց դիրքորոշման մեջ որպես կանոն արտահայտված չեն հանրային տրամադրությունները, պասիվ կամ ակտիվ աջակցում են քաղաքականապես և բարոյապես զրոյացած Սերժ Սարգսյանին:

Վերջիններիս միակ հիմնավորումն այն է, որ պատերազմական իրավիճակում պետք չէ ղեկավարության կամ կառավարող անձնակազմի փոփոխության մասին մտածել, քանզի դա հավասար է առնվազն հակապետական մտածողության, անգամ ավելի վատ՝ պետական դավաճանության: Ընդ որում, իշխանության այս թեզի գաղափարական ու ինֆորմացիոն հովանավորն ու ակտիվ կատարողը մինչև վերջերս արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ն է՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ: Իշխանությունն իր հերթին, բացահայտ կամ քողարկված, հայտարարում է, թե բարեփոխումներ պետք են, սակայն քանի որ պատերազմ է, եկեք դա անենք Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Ավելորդ է քննարկել, թե ինչու Սերժ Սարգսյանը չի կարող լինել այն լիդերը, որի իշխանության ներքո Հայաստանում հնարավոր կլինի արմատական քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ իրականացնել: ՀՀԿ առաջնորդը այդ շանսն ունեցել է ութ տարի շարունակ, սակայն արել է լրիվ հակառակը՝ Հայաստանն իր նեղ շրջապատի համար վերածելով ընտանեկան բիզնեսի:

Ուստի, 2017թ. խորհրդարանական ընտրությունները կարող են դիտարկվել որպես առավելագույն վերջնաժամկետ, երբ գործող նախագահը պետք է հանձնի ֆորմալ իշխանությունը: Իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանը պետք է հանձնած լինի փաստացի իշխանությունը: ՀՀ նախագահի և գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում նրա գտնվելը որևէ կերպ չի նպաստում Հայաստանի պետական շահերի սպասարկմանը, եթե չասենք հակառակը:

Իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռացումը Հայաստանին սպառանցող մարտահրավերներին դիմագրավելու անկյունաքարային քայլերից մեկն է:

Սերժ Սարգսյանը ներկայում իշխանությունը փորձում է պահել երկու հիմնավորմամբ՝

  • Որ պատերազմական իրավիճակ է, արտաքին վտանգի սպառնալիք կա, ուստի այս փուլում ոչ թե իշխանափոխություն է պետք, այլ ազգային միասնություն իր շուրջ: Այս թեզը պաշտապանում են որոշ քաղաքական ուժեր:
  • Չկա այն կոնտրէլիտան, ընդդիմադիր ուժը կամ մարդկանց խումբը, որը հայտ է ներկայացնում իշխանություն վերցնելու և դրանից հետո դիմագրավելու երկրի առաջ ծառացած մարտահրավերները:

Սովորաբար նման իրավիճակներում, երբ գործող իշխանությունները արտաքին ու ներքին վտանգների պարագայում սպառում են իրենց ու դառնում են ոչ արդյունավետ, նույնիսկ՝ վտանգավոր երկրի համար, իշխանությունը վերցնում է կոնտրէլիտան, ընդդիմությունը: Հայաստանում հետևողական պայքար է մղվել, որ ոչնչացվեն քաղաքական այն ուժերը, որոնք կարող են ռեալ հայտ ներկայացնել իշխանություն վերցնելու:

Այդ պատճառով այժմ ունենք մի իրավիճակ, երբ գործող նախագահը՝ իր կուսակցության հետ, տապալել է երկրի կառավարումը, փաստացի քաղաքական իշխանություն չունի, պարզապես ֆորմալ դեռ տիրապետում է իշխանական լծակներին: Պետական անվտանգության շահերից ելնելով՝ անհրաժեշտություն է այնպիսի քաղաքական ուժի առկայությունը, որը հայտ կներկայացնի այս փուլում փաստացի, իսկ այնուհետև ֆորմալ իշխանությունը վերցնելու:

Այժմ «վերևները չեն կարող, ներքևները չեն ցանկանում» դասական իրավիճակ է:

Դերենիկ Մալխասյան

«Սիվիլնեթ»

Այս խորագրի վերջին նյութերը