Լրահոս

04.05.2016 11:00


ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության նպատակը երկրում որևէ բան դեպի լավը փոխելն է. Ստ. Մարգարյան

ՀԱՄԱԽՄԲՈւՄ կուսակցության նպատակը երկրում որևէ բան դեպի լավը փոխելն է. Ստ. Մարգարյան

Հարցազրույց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի հետ:

-Կուսակցությունը դեռ չստեղծված՝ ամենաշատը խոսվում է Ռոբերտ Քոչարյանի հետ կապի մասին: Կա՞ այդ կապը:

-Մաշված հարց է արդեն:

-Բայց ամենաքննարկվող հարցն է:

-Ի՞նչ նշանակություն ունի, թե ով ում հետ է կապված: Դուք նախաձեռնողների ցուցակում տեսա՞ք Ռոբերտ Քոչարյանի անունը ազգանունը: Վսհահ եմ, որ չտեսաք:

-ԲՀԿ-ում էլ չկար Ռոբերտ Քոչարյանի անուն ազգանունը, բայց նրա անունը միշտ ուղեկցել է ԲՀԿ-ին:

-Ես դրա մասին միայն մամուլից եմ իմացել: Եղել եմ ԲՀԿ-ի քաղաքական թիմի անդամ ու այդ կապը չեմ նկատել: Կնկատեի, չէ՞, թե լիներ: Չեմ տեսել, վստահ եմ՝ չի եղել: Հիմա էլ, լինելով «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ, որևէ կապ, խոսքը քաղաքական կապի մասին է, չեմ տեսնում: Մենք գնում ենք մեր ճանապարհով ու մեր գործելակերպով ցույց կտանք, թե ով ում հետ կապ ունի կամ չունի:

-Հնարավո՞ր է, այնուամենայնիվ, «Համախմբումի» նախընտրական ցուցակում լինի Ռոբերտ Քոչարյանի անուն ազգանունը:

-Ինչո՞ւ ուրիշ անուն չեք ասում, Ռոբերտ Քոչարյան եք ասում: Իսկ ես կլինե՞մ, թե ոչ:
Քոչարյանի՝ ցուցակում լինելու մասին որևէ քննարկում, պայմանավորվածություն չկա: Հիմա վերցնել ասել՝ կլինի թե չէ, անիմաստ է:

-Կուսակցություն ստեղծելու նպատակը ընտրություններին մասնակցելն ու խորհրդարան մտնե՞լն է:

-Միայն ընտրություններին մասնակցելը կլիներ ինքնանպատակ և որևէ քաղաքական ուժի համար վիրավորական: Նպատակը ընտության միջոցով որոշակի լծակներ ունենալը և քաղաքական օրակարգի, երկրում իրավիճակի վրա ազդելն է, որևէ բան դեպի լավը փոխելը:

-«Համախմբումի» կորիզը իրավիճակ փոխելու մի չստացված փորձ ոչ վաղ անցյալում արդեն ունի: Կարծում եք՝ երկրորդ փորձը կհաջողվի՞:

-Ժողովուրդը 20-25 տարի է՝ փորձում երկրում իրավիճակ փոխել: Որ չի ստացվում, ասենք՝ պարտվեցի՞նք: Եթե մի անգամ մի բան չի ստացել, ու դրա պատճառով հիմա չգնալ այդ խնդիրների լուծմանը, ճիշտ չի, կնշանակի՝ երկիրն ու ժողովուրդը պարտվեցին: Ստացվել-չստացվելն էլ հարաբերական է: Պետք է հասկանանք՝ ի՞նչն ենք ուզում՝ ստացվի:

-Իսկ ի՞նչն եք ուզում, որ ստացվի:

-Ուզում ենք ասել՝ այնպես չի, որ երկրում միայն մեկ բևեռ կա: Քաղաքացիներին, հասարակությանը, քաղաքական ուժերին ասում ենք՝ եկեք միասնական համախմբման միջոցով դառնանք այլընտրանք:

-Վերջես կազմավորած «Ազգային վերածնունդն» էլ է դա ասում, ինչո՞ւ նրանց հետ չհամախմբվեցիք:

-Նրանք ունեն իրենց առանձնահատկությունը, մենք՝ մերը: Տարբերություններ կան՝ գործելակերպի, գաղափարների, ծրագրի, չնայած մեր ծրագիրը դեռ չի գրվել:

-Ձեր մի քանի տարբերություն կասե՞ք:

-Պետք է կարդալ մեր հիմնադրույթները: Մեկ-երկու նախադասությամբ հնարավոր չէ ասել:

-Կարդացել եմ: Գրված է, որ դառնալու ենք այլընտրանք: Սա նույն ԲՀԿ-ի տեսակի այլընտրա՞նքն է, թե ուրիշ մի այլընտրանք:

-Այլընտրանք ասելով պետք չէ նկատի ունենալ կազմակերպություն: Համախմբման գաղափարը, որը ԲՀԿ-ում մենք դնում էինք, հիմա, ընդհանուր առմամբ, փորձում ենք գլուխ բերել: Այլընտրանքի տեսակը ո՞րն է. գոյություն ունի իշխանական բևեռ, պետք է լինի նաև ոչ իշխանական բևեռ:

-Ընդդիմությունը հենց ոչ իշխանական բևեռն է:

-Ո՞վ է բան ասում: Այդ բևեռի մեջ թող լինեն և՛ ընդդիմությունը, և հասարակական կառույցները: Դա ինչ-որ իմաստով ընդդիմադիր բևեռ կդառնա:

Աղբյուրը՝ parliamentmonitoring.am

Այս խորագրի վերջին նյութերը