Լրահոս

04.05.2016 10:25


Արեւմտյան Վիրջինիա նահանգը եւս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Արեւմտյան Վիրջինիա նահանգը եւս ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Արևմտյան Վիրջինիան դարձավ Միացյալ Նահանգների 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Համապատասխան հռչակագիր է ընդունել Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, որը 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել էր նահանգում Ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս:

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, վկայակոչելով 1915-1923 թվականներին մեկուկես միլիոն հայերի և մեկ միլիոն հույների ու ասորիների սպանությունը, ինչպես նաև մեր օրերին Մերձավոր Արևելքում կատարվող քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների ոչնչացումը` նահանգապետ Թոմբլինն իր հռչակագրում նշում է.

«Ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Ողջակիզումը, ինչպես նաև անցյալի և ներկայի բոլոր ցեղասպանությունները՝ մենք պահպանում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանություններ չեն կրկնվելու, և զգոն մնում ատելության, հալածանքի և բռնության հանդեպ»:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ Համբարձում Կասպարյանը, Նենսի և Էմի Թոլիվերները կարևոր դեր են խաղացել հռչակագրի ընդունման գործընթացում:

«1915-ին իմ Համբարձում պապը, ով Անկարայում ցորենի վաճառքով զբաղվող հաջողակ գործարար է եղել, կեսգիշերին տնից բռնի կերպով տարվել և գլխատվել էր: Նույնն արվել էր բազմաթիվ այլ, ավելի կրթված և հաջողակ հայերի հետ, ովքեր բնակվում էին Թուրքիայում», – պատմում է Համբարձում Կասպարյանը, – «Իմ պապը շատ բարի և մեծահոգի մարդ է եղել: Երաշտի տարիներին նա բազմաթիվ մարդկանց սննդով է ապահովել: Հույս ունեմ, որ Արևմտյան Վիրջինիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշ չափով երաշխիք կլինի, որ նման սարսափելի իրադարձություններ այլ մարդկանց հետ չեն կատարվի»:

Այս խորագրի վերջին նյութերը