Աշխարհ

04.12.2009 18:10


Արմեն Ռուստամյանի հայտարարությունն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը

Արմեն Ռուստամյանի հայտարարությունն արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը

Դեկտեմբերի 3-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի «Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը ռազմական դիմակայության վերափոխելու համար Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարությունը:
Փաստաթղթի նախագծում ասվում է, որ Ադրբեջանը, շարունակաբար աղավաղելով իրականությունը, նենգափոխելով և խեղաթյուրելով փաստերը, ձգտում է միջազգային հանրության մոտ կեղծ պատկեր ձևավորել հակամարտության ծագման և ծավալման վերաբերյալ: Միևնույն ժամանակ Ադրբեջանը, թաքցնելով արյունալի հակամարտության հանգեցրած իր հանցավոր գործողությունները և իրական ագրեսորին զոհ, իսկ զոհին ագրեսոր ներկայացնելով, փորձում է իր իսկ կողմից սանձազերծած պատերազմի հետևանքների ողջ պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:

Նշվում է նաև, որ պատմությունը նենգափոխելու և գլխիվայր շուռ տալու պետական  մարտավարությամբ Ադրբեջանը, օգտվելով հատկապես միջազգային խորհրդարանական կազմակերպություններում շատերի անտեղյակությունից և հարցի էությանը ծանոթ չլինելու հանգամանքից, ձգտում է կարգավորման՝ միմյանց հետ շաղկապված բաղադրիչների, փաթեթից առաջնահերթ լուծման համար առանձնացնել տարածքների և փախստականների հարցերը և ձեռք բերել այդ խնդիրների վերաբերյալ պահանջատիրոջ կարգավիճակ: Դրա հիման վրա Ադրբեջանն անթաքույց նպատակ է հետապնդում հող ստեղծել իր հնարավոր նոր ագրեսիայի արդարացման համար՝ պահպանելով հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը:

-Կարծում եմ՝ դրա անհրաժեշտությունը նաև կառավարությունն է տեսնում, և դա շատ ողջունելի է, որովհետև այսօր այդ խնդիրը հասունացել է,- «7օր»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն  Ռուստամյանը։ Նա նշել է, որ չափազանց կարևոր է այսօր, որ հակամարտության զարգացման փուլերի և խնդրի էության իրական և ճիշտ պատկերը  վերականգնվի։

-Սա դառնում է ՀՀ Ազգային ժողովի դիրքորոշումը և պաշտոնական մոտեցումն առնվազն ՀՀ օրենսդիր մարմնի մակարդակով։ Սրան չեն կարող չանդրադառնալ  և չեն կարող անտեսել՝ որպես միջազգային սուբյեկտ հանդիսացող Հայաստանի տեսակետներ։ Սա բանակցային գործընթացի վրա ազդելու, նաև ճիշտ ուղղորդելու, հիմնավորելու նպատակ է հետապնդում, սակայն առաջին հերթին դա հենց խորհրդարանական դիվանագիտության համար կարող է լավ հիմք ծառայել, որ մենք սրա հիման վրա այդ քայլերին ուղղված գործողություններ կատարենք և ավելի ակտիվացնենք մեր աշխատանքներն այդ աղավաղված պատկերը վերականգնելու առումով բոլոր պատվիրակությունների մակարդակով, որտեղ մենք ներկայություն ունենք տարբեր միջազգային կազմակերպություններում,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը։ 

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը