Քաղաքական

03.05.2016 13:10


Ա. Սարգսյան. «Մեր փոխարեն մոգոնել ինչ-որ բաներ, մամուլին խորհուրդ չեմ տալիս, անիմաստ է»

Ա. Սարգսյան. «Մեր փոխարեն մոգոնել ինչ-որ բաներ, մամուլին խորհուրդ չեմ տալիս, անիմաստ է»

Հարցազրույց Համաշխարհային հայկական կոնգրեսի առաջին փոխնախագահ Արամ Սարգսյանի հետ

-Պարո՛ն Սարգսյան, ի՞նչ գործունեություն է ծավալում «Ազգային միասնություն» շարժումը և հետագա ի՞նչ ծրագրեր ունի:

-«Ազգային միասնություն» շարժման մասին հայտարարել է Արա Աբրահամյանն իր ասուլիսի ժամանակ: «Ազգային միասնություն» շարժման իրական նպատակն այն է, որ մենք փորձենք հնարավորինս աջակցել Հայաստանում տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը: Այժմ ձևավորվում են «Ազգային միասնություն» շարժման կառույցները: Այս պահին արդեն իսկ ձևավորվել են մարզային կառույցները, և ընթանում են համապատասխան ժողովներ՝ առաջին հերթին խորհրդի նիստերն են անցկացվում, որից հետո տեղի են ունենում համապատասխան հավաքներ շարժման մասնակիցների կամ նրանց հետ, ովքեր հետաքրքրված են մեր ծրագրերով: Նման հանդիպումներ են եղել Գյումրիում, Եղեգնաձորում և Հրազդանում: Հանդիպումներ նախատեսվում են նաև մյուս բոլոր մարզերում: Մենք մեր կայքէջում ունենք «Ֆորում» անունով բաժին, որտեղ մանրամասն ներկայացված է այն փաստաթղթային բազան, որն անհրաժեշտ է կարդալ՝հասկանալու համար, թե մեր նպատակը որն է:

-Ի՞նչ է նախատեսվում իրականացնել առաջիկայում:

-Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 5-8-ը կայանալիք բիզնես ֆորումին մենք հրավիրում ենք տարբեր երկրներից գործարար աշխարհի ներկայացուցիչների, խոշոր կորպորացիաների և ընկերությունների ղեկավարների: Արդեն իսկ Ռուսաստանում գործող մեր օղակը համագործակցում է Եվրասիական տնտեսական միության ղեկավարության և նրանց համապատասխան բաժինների հետ: Մենք դիմել ենք ՀՀ վարչապետին՝ համապատասխան աջակցություն ստանալու նպատակով, Արա Աբրահամյանը իր ամբողջ ծրագրի մասին տեղյակ է պահել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև դիմել ենք ՀՀ ԱԳՆ, որպեսզի մեր փաստաթղթային փաթեթը ներկայացվի մեր երկրի դեսպանություններին՝ իրենց միջոցով նույնպես հրավերքներ կազմակերպելու համար: Բացի այդ, մենք այժմ հանդիպումներ ենք ունենում Հայաստանում հավատարմագրված դեսպանների կամ նրանց լիազորված անձնանց հետ, որոնց նույնպես ներկայացրել ենք փաթեթն ու նպատակները: Արդեն 10 դեսպանությունում հանդիպումներ ունեցել ենք, բոլորն էլ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում մեր ֆորումի հանդեպ և պատրաստ են Հայաստանի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացմանը ամեն կերպ նպաստել:

Այս ուղղությամբ մենք խնդրում ենք, որպեսզի իրենք իրենց երկրներում ներկայացնեն և տարածեն մեր այս մտահաղացումները: Նրանք, ովքեր ցանկություն ունեն ֆորումին մասնակցելու, կարող են մեր կայքէջում լրացնել մասնակցության վերաբերյալ հայտը:

Մենք խորհրդակցում ենք նաև այլ կառույցների հետ, որպեսզի համագործակցությունն այնպիսին լինի, որ գործնական օգուտ բերի մեր երկրին:

Մարզային կառույցների ժողովների ընթացքում դիմում ենք մեր մասնակիցներին այն հարցով, թե ովքեր ունեն այնպիսի տնտեսական իրական և հիմնավոր ծրագրեր, որոնք կարող են հիմա էլ ներկայացնել մեզ, մենք էլ փորձենք ներդրողներին գտնել, նրանց շահագրգռել այդ հարցում և մեր գործարարի ու դրսի գործարարի միջև կապը ապահովել: Խնդիրն այս է, իսկ մնացածը, ինչ հորինվում է որոշ ԶԼՄ-ի կողմից, մեզ քիչ է հետաքրքրում: Նրանք, ովքեր ուզում են տեղյակ լինել կատարվելիք իրադարձություններից, կարող են ընդամենը մեզ լսել կամ մեր ասածը կարդալ կայքէջում:

-Իսկ կոնկրետ ի՞նչ նպատակ է հետապնդում մարզային կառույցների բացման գործընթացը:

-Մարզային կառույցներն այն բանի համար են, որ մենք կարողանանք մեր տնտեսական զարգացման ծրագիրը քննարկենք ժողովրդի հետ, լսենք նրանց և հասկանանք, թե նրանք ինչպես են պատկերացնում այս իրավիճակից դուրս գալու կամ երկիրն ավելի զարգացնելու խնդիրը:

Բացի այդ, աշխատում ենք մի գաղափարի շուրջ, որն իրենից կներկայացնի ամփոփ ծրագիր: Ոչ թե գնանք լոկալ խնդիրները կարգավորելու ուղղությամբ, այլ ամբողջական մի ծրագիր լինի, որի իրականացման արդյունքում մենք կտեսնենք, որ մեր երկիրը զարգացման ուղի և հետանկար ունի: Սա է նպատակը:

-Ըստ Ձեզ, ինչո՞ւ է այս ամենի շուրջ նաև անառողջ աղմուկ առաջացրել:

-Դա պետք է նրանցից իմանալ: Մեր փոխարեն մոգոնել ինչ-որ բաներ, մամուլին խորհուրդ չեմ տալիս, անիմաստ է: Մենք այդքան փորձ ունենք, որ մեզ հունից հանել հնարավոր չէ: Դրանք ավելորդ մարմնաշարժումներ են:

-Մամուլում շրջանառվում է, թե Արա Աբրահամյանը հրաժարվել է հայաստանյան քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Արդյոք դա այդպե՞ս է, թե՞ ոչ:

- Ես իհարկե ամեն անգամ սրտխառնոց եմ ապրում նման «լուրեր» կարդալուց: Այն, ինչ վերաբերում է Արա Աբրահամյանի որոշումներին, դրանց մասին ինքը կհայտարարի, ոչ ոք չի մեկնաբանում նրա գործունեությունն այդ առումով: Սովորեցնել մարդկանց, թե ինչ է նշանակում պարկեշտություն կամ պրոֆեսիոնալիզմ, անիմաստ է, նրանք այլևս ադպիսինը չեն կարող լինել: Եթե ունեն ինքնասիրություն, թող վիրավորվեն: Ես նրանց չեմ համարում լրագրող: Նրանք զբաղված են իրենց ստացած մի կտոր հացի փողն արդարացնելով այնպես, ինչպես իրենց հանձնարարված է: Մի նախադասություն բոլորի համար՝ Արա Աբրահամյանը կարիք չունի, որ մեկ ուրիշն իր փոխարեն պատասխանի այն հարցերին, որոնց ինքը կարող է պատասխանել: Դրա ապացույցն է «Vesti.am»-ում տպագրված հարցազրույցը՝ տրված «Ազատություն» ռադիոկայանին: Արա Աբրահամյանն այնքան ինքնաբավ անձնավորություն է, որ նրա փոխարեն ոչ ոք իրավունք չունի որևէ հայտարարությամբ հանդես գալ: Ո՛չ ես, ո՛չ մեկ ուրիշը նրա փոխարեն այսպիսի հայտարարություններ չենք արել և երբեք չենք անի: Ի՞նչ է որոշելու Արա Աբրահամյանը և ի՞նչ է հայտարարելու, դա միայն ու միայն ինքն է անելու, երբ նա կտեսնի դրա անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը: Մեկ հանգամանքի մասին կուզենայի նշել՝ քաղաքական գործընթացներին մասնակցելու ձևերը շատ են: Այս պահին մենք «Ազգային միասնություն» շարժման գրասենյակներն ենք հիմնում և մեր մոտեցումներն ենք ներկայացնում հանրությանը: Թե հետագայում ինչ զարագացումներ կլինեն, ժամանակը ցույց կտա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը