Լրահոս

04.12.2009 16:55


Դատախազությունը մեկնաբանում է սպանությունների թվի աճը

2009թ. 10 ամիսների ընթացքում հանրապետությունում սպանության 69 դեպք է գրանցվել: Մտահոգիչ փաստ է՝ ագրեսիան մարդկային հարաբերություններում դառնում է գերիշխող: Թե հատկապես ի՞նչ պատճառահետևանքային կապեր, խորքային ի՞նչ հանգամանքներ են նպաստում մարդկանց մեջ ագրեսիայի «դիրքավորմանը», թերևս հոգեբանների ու սոցիոլոգների գնահատման խնդիրն է, իսկ բարության, փոխզիջման, հանդուրժողականության «քաղաքականությունն» արդեն՝ ամբողջ հասարակության: Փաստն այն է, որ հիմնախնդիրն առկա է. նյարդային գրգռվածությունը, անհանդուրժողականությունը մտել են մեր կենցաղ ու հարաբերություններ են կառավարում: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, թե ամեն ինչ տանուլ է տրված, որ արդեն ուշ է մարդու մտածողության մեջ բարեփոխումներ կատարել: Ագրեսիան, որ մարդուն հատուկ երևույթ է, որքան էլ հնարավոր չէ իսպառ վերացնել, այնուամենայնիվ, կարելի է մեղմել՝ վերացնելով ագրեսիվությանը նպաստող գործոնները, օրինակ՝ անտարբերությունը, կամ՝ սեփական միտքը չարից հնարավորինս մաքրել, կամեցող, կարեկից, պատրաստակամ լինել, կամ՝ կյանքի դժվարություններին փիլիսոփայորեն նայել... Պարզ, հասարակ դեղատոմսեր են, բայց գործող:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սպանություններն ու սպանության փորձերը հիմնականում կատարվում են կենցաղային հողի վրա ծագած վիճաբանությունների ժամանակ, և հաճախ նպատակն ի սկզբանե սպանությունը չի լինում, պարզապես կրքերի բորբոքման մի անհեռատես պահի բանականությունը տեղի է տալիս, ու մարդը մարդ է սպանում...
Մարդկային հարաբերությունների խաթարման պատճառները որքան տարբեր, նույնքան գրեթե նույնն են դրանց լուծման ձևերը՝ խոհեմություն, հանդուրժողականություն, պարզապես մարդկայնություն. ահա իրական պրոֆիլակտիկան, որ յուրաքանչյուր ոք պիտի իրականացնի իր ներաշխարհում, իր դատողություններում, հայացքներում:

ՀՀ ոստիկանության

մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը