Քաղաքական

02.05.2016 16:05


Արամ Հարությունյան. «Իսկ 20 տարեկան սեփական երեխայի գերեզմանին ծաղիկ դնելը հարմա՞ր է»

Արամ Հարությունյան. «Իսկ 20 տարեկան սեփական երեխայի գերեզմանին ծաղիկ դնելը հարմա՞ր է»

Քառօրյա պատերազմի զոհերի արյունը Սերժ Սարգսյանի վրա է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

-Այդ պատերազմը ցույց տվեց, որ հայ զինվորի ոգին անպարտ է, և հայը պատրաստ է նաև նման ապիկար իշխանության օրոք համախմբվել բանակի ու երկրի շուրջ: Այսօր այդ զոհերի արյունը Սերժ Սարգսյանի վրա Է։

Հարությունյանի խոսքով՝ իշխանությունը նստած է պետության ղեկին ոչ սթափ վիճակում, և անգամ այս քառօրյա պատերազմը նրանց չի սթափեցրել. պատերազմին հաջորդեցին Հրազդանի ընտրությունները և ԸՕ-ի անցկացումը։

-Ես ընդհանրապես կանանց չեմ անդրադառնում, բայց առաջին տիկինը «սպռավոչկա» է տալիս, որ մյուս անգամ բռնելու համար հարմար ծաղիկ նվիրեն. տիկի՛ն Սարգսյան, իսկ 20 տարեկան սեփական երեխայի դագաղը բռնելը հարմա՞ր է, սեփական երեխայի գերեզմանին ծաղիկ դնելը հարմա՞ր է: Պետության երկրորդ մարդը կանգնում ասում է՝ մենք կառուցողական զենքեր ունենք, զավեշտալի է,– նշել է բանախոսը։

Անդրադառնալով Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենքեր վաճառելուն՝ Հարությունյանը նշել է՝ նույն զենքերից ՌԴ–ն պատրաստ էր վաճառել նաև Հայաստանին. թող բարի լինեին և գնեին:

-Երբ պետության գլուխը հիմնական խնդիրը դարձնում է փող աշխատելը և շրջապատին հարստացնելը, բնական է, այդպես է պետք է լիներ: Անգամ այս պատերազմից փորձում էին օգուտներ քաղել: «Ֆաս» հրամանը օլիգարխների վրա նաև այդ նպատակն ունի: Այսօր մեղադրում են Միհրան Պողոսյանին, բայց մենք գիտենք, թե նա ում հետ էր գործընկեր, միգուցե Սերժ Սարգսյանը բարկացած է, որ նա թաքցրե՞լ է իրական եկամուտները։

Հարությունյանն ընդգծել է՝ քաղաքական ուժերը պետք է համախմբվեն և ձեռնոց նետեն իշխանություններին, քանի որ, նրա խոսքով, իշխանությունը վախենում է ժողովրդից և քաղաքական ուժերի համախմբումից:

Ինչ վերաբերում է Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե բարոյական չէ պահանջել երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հրաժարականը, երբ պատերազմը շարունակվում է, Արամ Հարությունյանը նկատել է, որ Սերժ Սարգսյանը պետք է իմաստուն լինի և այդ քայլն անի. նա կարող է վարչապետ նշանակել այն մարդուն, ով ունի պոտենցիալ՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար, և հրաժարական տա:

Լրագրողի հարցին՝ ով է այդ մարդը, Հարությունյանը պատասխանել է.

-Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը, մարդ, ով ցույց է տվել, որ կրիտիկական պահերին վերցրել է պատասխանատվությունը: Ես Քոչարյանի ժամանակ էլ եմ եղել ընդդիմություն, բայց 1998-2008 թթ. Հայաստանը դրսում նման անարժանապատիվ վարկանիշ չուներ, տնտեսական առումով շարժ կար, Ղարաբաղի հարցում հստակ երևում էր, որ Ադրբեջանը «ռիսկ չէր անում» կատարել որևէ քայլ ստատուս քվոն փոխելու համար: Եթե իշխանությունը 5 րոպեով այս աթոռից իջնի, փողոցում ճրագով փնտրենք Հանրապետականին չենք գտնի,-ասել է բանախոսը՝ հավելելով, որ հարցը Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելը չէ. ամենևին այնպես չէ, որ Քոչարյանն անսխալական է, բայց իր կառավարման տարիներին ամեն ինչ եղել է ավելի հստակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը